Jean-Paul Existential Cafe-ում այսօր՝ մարտի 3-ին բացվել է մասնագիտությամբ գեղանկարիչ և լուսանկարչության ճամփան բռնած 23-ամյա Լուսինե Գրիգորյանի «Շունչ շնչի» լուսանկարչական ցուցահանդեսը: Լուսինեն լուսանկարչության արվեստը սովորել է ինքնուրույն:
«2 տարի է՝ ավարտել եմ և այդքան ժամանակ է, որ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Սկզբում լուսանկարվում էի, հետո ցանկություն առաջացավ լուսանկարել: Գերադասում եմ դիմանկարները ու, հատկապես կանանց: Նրանց ավելի շատ եմ զգում, նրանք նկարի միջոցով էմոցիաներն ավելի շուտ են կարողանում հասցնել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսինեն:
Մեր զրուցակցի խոսքով՝ իր «հերոսները» պատահական մարդիկ են և տարբեր տարիքի.
«Տարիքային տարբերություն դնում եմ միայն մերկ նկարելիս: Պետք է 18 տարեկանից բարձր լինեն»,-ասաց Լուսինեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե եղե՞լ է, որ մարդիկ դժգոհեն նկարներից, Լուսինեն ասում է, որ ոչ, ավելին, եղել է դեպք, որ նկարի շնորհիվ մարդը սիրել է իր «թերությունը».
«Պեպեններից ահավոր կոմպլեքսավորվում էր, նկարից հետո սկսեց սիրել դրանք»:
Տղամարդ և կին լուսանկարիչների տարբերության մասին էլ Լուսինեն նկատում է. «Տղամարդ լուսանկարիչներն ավելի վուլգար են»:
Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 1-ը, ցուցադրվում է 36 կադր:
72157651136900441