▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում ենք՝ հաճույքով կօգտվեք Ձեր իրավունքից.Հայրիկյանը դիմում է Փաշինյանին

Մի քանի ամիս առաջ ԱԻՄ-ը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, դիմել էր ԿԸՀ՝  պահանջելով տրամադրել սահմանադրական հանրաքվե իրականացնելու նպատակով ստորագրահավաք կազմակերպելու պաշտոնական ձևաթղթեր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ արձանագրեց, որ  որպես քաղաքացիների նախաձեռնության իրավունքի իրականացման իրավական գործընթաց՝ քաղաքացիներից ստորագրահավաք կազմակերպելու ինստիտուտ առկա չէ, ուստի և առկա չէ և չէին էլ կարող լինել մշակված պաշտոնաթերթեր։

Սակայն, քանի որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, մայիսի 28-ին ԱԻՄ արտահերթ նիստ  է անցկացրել, որոշել են դադարեցնել ստորագրահավաքը, քանի որ կա ժողովրդի կողմից և կամքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, քննարկել են  նրան պաշտոնապես դիմելու հարցը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

-ԱԻՄ-ը երկու տասնամյակ հետևողականորեն աշխատում էր Հայաստանն օրինակելի ժողովրդավարական երկիր դարձնելու ուղղությամբ: Վերջին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին ներակայացրել էր միակ այլընտրանքային տարբերակը, որը հստակորեն ներկայացնում էր քաղաքացիների՝ երկրի տերը լինելու իրավունքի  սահմանադրական ամրագրումը:  Մեր ժողովրդի մերժած նախկին իշխանությունները սարսափեցին քննարկել նախագիծը: Իր, մեղմ ասած, զանցանքը արդարացնելու համար ապօրինաբար Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ նշանակված Գագիկ Հարությունյանը  նշում էր, որ այս նոր «սահմանադրությամբ» իրենք հնարավորություն են ընձեռելու նաև քաղաքացիական նախաձեռնությամբ (200 000 ստորագրությամբ) նոր սահմանադրություն ընդունել կամ փոփոխություններ կատարել։

Իսկապես կա այդպիսի դրույթ, և ԱԻՄ-ը դեռեւս 2017թ.-ի նոյեմբերին ծրագրում էր սկսել ստորագրահավաք՝ ի նպաստ իր ներկայացրած և դավադրաբար անտեսված նախագծի։ Սակայն, ըստ սահմանադրության, այդ դրույթն ուժի մեջ կարող էր մտնել միայն նոր նախագահի ընտրությունից հետո, ուստի վեց ամսով հետաձգվեց: Համաձայն գործող «սահմանադրության» Սահմանադրական փոփոխությունների (կամ նոր սահմանադրության) նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև երկրի վարչապետը։ Ստորագրահավաքը մենք նախատեսում էինք իրականացնել ժողովրդի կամքն իրեն ենթակայեցնել կամեցող իշխանությունների պայմաններում։ Այժմ փոփոխված իրավիճակում, երբ ժողովրդի հիմնական մասի կամքով Դուք դարձել եք ՀՀ վարչապետ, մենք կարծում ենք, որ Դուք՝ իր գլխավոր նպատակը քաղաքացիներին երկրի տերը դարձնելն ազդարարած գործիչը, ծանոթանալով մեր նախագծին հաճույքով կօգտվեք սահմանադրական նախաձեռնության Ձեր իրավունքից։

Մենք պատրաստ ենք մանրամասն ներկայացնել բացարձակ ժողովրդավարության համակարգի նրբությունները, սակայն այստեղ տեղին ենք համարում նշել, որ այս համակարգի ընդունմամբ՝   քաղաքացին դառնում է և իրեն մշտապես զգում է երկրի տեր, որեւէ քաղաքացու քվե դուրս չի մնում խորհրդարանից, ԱԺ-ն դառնում է իսկապես կատարյալ ներկայացուցչական մարմին, որտեղ բոլոր քվեարկությունների ժամանակ քաղաքացիները տեսնում են, թե ինչպե՞ս են օգտագործվում իրենց ձայները,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով դիմումից մի հատված ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով.

-Բոլոր նրանք, ովքեր խոսում են Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՝ առանց սահմանադրական փոփոխություններ կատարելու, լավ չեն պատկերացնում Սահմանադրության ու ընթացիկ օրենքների կապը:  

Պարույր Հայրիկյանը նշեց, որ իրենք մասնակցելու են առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին