ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կվերացնի ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների երեխաների՝ քաղաքացիություն ստանալու իրավունքը: «Մենք պետք է վերջ տանք դրան: Ծիծաղելի է»,- ասել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 8-ին: Այս մասին հաղորդում է DW-ն։
Նա չի բացատրել, թե կոնկրետ ինչպես է պատրաստվում չեղյալ համարել ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ նախատեսված այս դրույթը, և միայն ասել է, որ եթե կարողանա, ապա դա կանի «գործադիրի միջոցով»։ Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը նշել է, որ պատրաստ է աշխատել դեմոկրատների հետ՝ ընդունելու օրենսդրություն, որը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին, ովքեր մանուկ հասակում մուտք են գործել Միացյալ Նահանգներ, մնալ երկրում: