Քանի որ վաղն արդեն Սուրբ Ծնունդ է, չէի կարող հեռու մնալ կրոնական թեմայով չխոսելու գայթակղությունից...
1700 տարուց ավելի պատմություն ունեցող մեր եկեղեցին, կարծում եմ, արդեն պիտի վստահաբար և կտրուկ գնա վերափոխումների ճանապարհով: Ուստի Մայր Աթոռին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, մեր երկու Նվիրապետական Աթոռին՝ ի Երուսաղեմ և ի Պոլիս, առաջարկում եմ, հանուն մեր ազգային միասնության, հանուն եկեղեցի և ժողովուրդ միասնականության՝ քննարկել հետևյալ բարեփոխումների առաջարկությունները.
1. Հրաժարվել գոյություն ունեցող Աստվածաշնչից և ստեղծել ազգային Աստվածաշունչ՝ սկսելով Հայկի ու Բելի առասպելից, Բարդուղիմիոս և Թադևոս առաքյալներից և հասնել մինչև երկու կաթողիկոսության նոր տրոհումը: Ազգային Աստվածաշնչում ներառել մեր բոլոր սրբերի կենսագրությունները, հանուն հավատքի պատերազմները: Իբրև հավելված՝ ներկայացնել մեր սաղմոսները, տաղերը, գանձերը, շարականները.
2. Հոգևոր սպասարկումը դարձնել երկսեռ՝ կանանց ևս իրավունք վերապահելով կրելու սքեմներ և ունենալու կրոնական աստիճաններ: Կինն է մայրության կրողը, սերունդ տվողը, ուստի նա ևս պիտի կանգնած լինի հոգևոր սպասարկման առանցքում՝ իրավունք ունենալով նաև ընտրվել կաթողիկոս.
3. Մեկընդմիշտ հրաժարվել կուսակրոնությունից, քանի որ դա, ըստ էության, դեմ է մարդկային նկարագրին: Եթե մարդը լույս աշխարհ է եկել, ապա պիտի ընտանիք ձևավորի, սերունդ ունենա: Չթաքցնենք, մեր եկեղեցում կուսակրոնությունը շատ հաճախ ձևական բնույթ է կրում, երբեմն էլ խեղում է մարդկանց, մղում այլ կողմնորոշումների...