▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ նկարահանման դեպքում դիմում են ոչ թե «գլամուռշիկներին», այլ վավերագրող լուսանկարչին...

Հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը և Asekose.am-ն Արամի 42/1 հասցեում համատեղ «Վավերագրական լուսանկարչության» դպրոց են հիմնել: Դասընթացները մեկնարկելու են 2015թվ.-ի փետրվար ամսին, իսկ մինչ այդ կատարվում է մասնակցել ցանկացողների հավաքագրումը.

«Աշխատելու ենք երկու խմբի հետ: Առաջին խմբում հավաքագրելու ենք այն մարդկանց, ովքեր 0-ից ցանկանում են սովորել լուսանկարչություն ասվածը: Օրինակ` ֆոտոխցիկ են նվեր ստացել և չգիտեն, թե ինչպես պետք է դրանից օգտվեն: Իսկ երկրորդ խմբի անդամներ դառնալու են արդեն լուսանկարիչները, որտեղ նրանց ուսուցանվելու է հենց վավերագրական լուսանկարչություն»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերման Ավագյանը:

Լուսանկարչի խոսքով` վավերագրական լուսանկարչության մեջ հաջողության են հասնում եզակի մարդիկ, սակայն կա ապրուստի խնդիր` այդ պատճառով էլ իրենք ստուդիայում վարպետության դասեր են անցկացնելու և սովորեցնելու են, թե ինչպես պետք է լուսանկարել քանդակներ, դիմանկարներ, պորտֆոլիոներ.

«Մեզ մոտ տեսություն չի լինելու, մարդիկ գալու են և իրենց ձեռքերով փորձելու են լուսանկարել, որպեսզի  հետագայում ոչ թե հարսանիքներով գումար վաստակեն, այլ լուրջ աշխատանքներ կատարելով: Դասավանդելով Սլավոնական համալսարանում` ուսանողներիցս հաճախ լսում եմ, որ նույնիսկ Ռուսաստանում իրենց միշտ  տեսություն են դասավանդել, ինչը հետաքրքիր չէ, իսկ մեզ մոտ այդպես չի լինելու, մենք միմյանց հետ աշխատելու ենք. դա իմ սովորեցնելու սկզբունքն է»:

Միաժամանակ Գերման Ավագյանն ասաց, որ տվյալ դպրոցում վարպետության դասեր են անցկացնելու տարբեր լուսանկարիչներ.

«Ես այն կարծիքին եմ, որ պետք չէ տեղեկատվությունը միայն մեկ աղբյուրից ստանալ: Երբ ես էի սովորում, ամեն մի լուսանկարչից  էլ մի բան վերցնում էի: Ներկայումս բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում լուսանկարչության ասպարեզում և ոչ միայն...Ես ուզում եմ տվյալ աստիճանը մի փոքր բարձրացնել, որպեսզի մարդիկ իմանան, թե հանուն ինչի են լուսանկարում: Պետք է ոչ միայն գեղեցիկ պատկերներ ստանալ, այլև դրանցով սոցիալական փոփոխություններ կատարել»:

Իսկ այն հարցին` արդյո՞ք ներկայումս վավերագրական լուսանկարչության պահանջարկ կա, թե՞ ոչ, Գերման Ավագյանը պատասխանեց.

«Իսկ որևէ մի գյուղում թանգարան պահելու պահանջարկ կա՞, գիրք  տպագրելու պահանջարկ կա՞…Վավերագրական լուսանկարչության շնորհիվ մարդիկ տարիներ անց տեսնելու են, թե մենք ինչպես ենք այսօր ապրել: Առհասարակ, վավերագրական նախագիծը երկար գործընթաց է, մարդիկ տարիներով կարող են աշխատել միևնույն նախագծի վրա:  Հիմա ուզում են գլամուր նկարել, հարսանիք նկարել, այսինքն` այն, ինչ գումար է բերում, իսկ վավերագրական լուսանկարչության դեպքում դու աշխատում ես քո երկրի պատմության համար: Ի վերջո, լուրջ նկարահանման դեպքում (եթե օրինակ` պատվիրատուն UNHCR է) դիմում են ոչ թե «գլամուռշիկներին», այլ վավերագրող լուսանկարչին»:

Գերման Ավագյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին թե, ինչ պետք է անել լավ լուսանկարիչ դառնալու համար.

«Երբ ինձ հարցնում են, թե ինչ պետք է կարդալ լավ լուսանկարիչ դառնալու համար, ասում եմ` Կաֆկա, Չարլզ Բուխովսկի և, իհարկե, ֆոտոխցիկի մենյուն: Կարևորը կոճակը սեղմելն չէ, այլ այն, թե ինչ ես կարդացել և ինչ կա  քո ուղեղում: Մենք դրա վրա էլ ենք աշխատելու: Չի կարող լուսանկարիչը լավը լինել, եթե շատ չի կարդացել»:

Դասընթացների գնի վերաբերյալ էլ Գերման Ավագյանն ասաց, որ դեռ հստակություն չկա.

«Արժեքը, հավանաբար,  ամսական 20. 000 դրամ կլինի, ինչը շատ ավելի մատչելի է, քան նմանատիպ դասընթացն օրինակ` հարևան Վրաստանում: Դասընթացների տևողությունն էլ  սկզբնական շրջանում երեք ամիս է լինելու»

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին