Այսօր առավոտյան ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյանը:
Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները: Դրանցից են` Ե. Շվարց, «Երկու թխկի» (կենդանի եթեր), Ա. Պետրոսյան, «Աբգար դպիր Թոխաթեցին», Վ. Սարոյան, «Մարդկային կատակերգություն», Ա. Չեխով, «Հիվանդասենյակ N16» (վերջին երկուսի բեմականացումը կատարել է ինքը), Կ. Չապեկ, «Ինչպես է բեմադրվում պիեսը», է. դե Ֆիլիպո, «Տրոմբոնահարը», Կ. Խոդիկյան, «Դարպասներ»: Ռեժիսորը տասնհինգից ավելի ներկայացումներ է իրականացրել ռադիոթատրոնում։ էլոյանը հեռուստատեսային թատրոն բերեց ինքնատիպ, թարմ, մետաֆորիկ ռեժիսորական մտածողություն եւ հնարքներ` իր մնայուն հետքը թողնելով արվեստի եւ տեխնիկայի այդ բնագավառում։
էլոյանի ուսանողների մասնակցությամբ բեմադրություններից ժամանակին մեծ աղմուկ են հանել Սերվանտեսի եւ ժակ Պրեւերի նույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը։ Նա առաջին անգամ Երեւանում` «Ռոսիա» կինոթատրոնում, հիմնադրել է «Սրճարան-թատրոն»:
էլոյանը հավատում էր, որ ժամանակակից թատրոնն այսօր կարիք ունի դերասանական անհատականությունների, նա գտնում էր, որ թատրոնը պետք է հենվի դերասանական արվեստի վրա։Նա լի էր հավատով եւ երազանքներ էր փայփայում` հայ թատրոնի համար լավագույն ապագա ակնկալելով: