▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահչուպյանը` Թուրքիայի վարչապետի խորհրդական կամ թուրքական հաշվարկներ

Պոլսահայ հայտնի գրող, քաղաքական մեկնաբան, «Ակօսի» նախկին խմբագրապետ Էթյեն Մահչուպյանն այսուհետ կլինի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականներից մեկը, իսկ սա ժամանակակից Թուրքիայում բավական լուրջ նշանակում է: Եվ երբ Թուրքիայում նման մակարդակի նշանակում է լինում, այն էլ` այդ պաշտոնը վստահում են ազգությամբ հայ գործչի, արձագանքն անհամեմատ ավելի մեծ է լինում:
Մահչուպյանը Թուրքիայի հայտնի քաղաքական վերլուծաբաններից է, երկար տարիներ թուրքական տարբեր հեղինակավոր թերթերում հանդես է եկել հոդվածներով: Մահչուպյանն աշխատել է այնպիսի ազդեցիկ լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են «Ռադիքալ», «Թարաֆ», «Զաման» պարբերականները, իսկ վերջին շրջանում հոդվածներ էր պատրաստում իշխանամետ, պրոէրդողանական «Աքշամ» պարբերականի համար: Մինչ «Աքշամ» տեղափոխվելը Մահչուպյանը համագործակցում էր Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի` «Զամանի» հետ, որը գյուլենական շարժման հենասյունն է: 2013 թվականի դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո այս թերթը, որն ավելի վաղ հայտնի էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակցությամբ, անցավ ընդգծված ընդդիմադիրների շարքը, ինչը հետևանք էր գյուլենական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի միջև կատաղի առճակատման: Այս տարվա մայիսին Մահչուպյանը որոշեց փոխել քաղաքական ճամբարը` ընդդիմադիր դարձած գյուլենական լրատվամիջոցից անցում կատարելով պակաս հեղինակավոր և քիչ ազդեցիկ, բայց և իշխող շրջանակների հետ լավ հարաբերություններ ունեցող «Աքշամ» թերթ:
Վերջին ամիսներին Մահչուպյանի մասնակցությամբ աչքի ընկնող դրվագներից էր նաև պոլսահայ համայնքի մի շարք մտավորականների հետ «հոդվածային փոխհրաձգությունը», որը խիստ մանրակրկտությամբ լուսաբանում էին թուրքական մի շարք հայտնի լրատվամիջոցներ: Պատճառը Մահչուպյանի կոշտ որակումներն էին հայ համայնքի մի շարք մտավորականների հասցեներին, որոնք էլ խույս չէին տալիս պատասխան «կրակահերթերից»:
Այստեղ հարկ է հիշել, որ Մահչուպյանը ներկայացնում է Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքը, իսկ Թուրքիայում և պետաիրավական տեսանկյունից, և հայ համայնքի հարաբերությունների համատեքստից սա կարևոր նրբություն է: Սա որոշակիորեն նվազեցնում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայ համայնքի հետ աշխատելու հնարավորությունները, քանի որ Թուրքիայում բնակվող հայերի ճնշող մեծամասնությունն առաքելական եկեղեցու հետևորդներ են:
Արդեն հոկտեմբերի վերջին թուրքական լրատվամիջոցները, բառիս բուն իմաստով, պայթեցին Մահչուպյանի` Դավութօղլուի խորհրդական նշանակվելու վերաբերյալ տեղեկություններով: Թուրքիայում այս նշանակումը հասարակական կարծիքը բաժանեց երկու հակադիր ճամբարների: Ազգայնական շրջանակները շտապեցին քննադատել իշխանություններին` ազգությամբ հայի խորհրդական նշանակելու համար, մինչդեռ մի խումբ թուրք մտավորականներ էլ ողջունեցին այդ քայլը` մեկնաբանելով այն որպես դրական ու կարևոր քայլ Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին:
Մինչ երկու ճամբարները շարունակում են քննարկել արդեն կայացած աղմկալի այս իրողությունը, կարևոր է հասկանալ, թե ինչը կարող էր դրդել Թուրքիայի իշխող շրջանակներին, ըստ էության, նման համարձակ ու աննախադեպ քայլի գնալ: Վերլուծելով Էրդողանի ու Դավութօղլուի` Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած քաղաքականությունը և Թուրքիայի` 2015-ի նախապատրաստության պատմությունը, նշանակումը կարելի է և պետք է կապել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Թուրքիան նախկին ամիսներին էլ ցույց է տվել, որ պատրաստ է համարձակ, անսպասելի և արտաքնապես դրական քայլերի, որպեսզի ի ցույց դնի «փոփոխվող Թուրքիան»` այսպիսով փոխելով թուրքական պետության միջազգային իմիջը և դրական փոփոխությունների գնալու պատրանք ստեղծի: Այս շրջանակներում առավել քան տեղավորվում է Մահչուպյանի անսպասելի նշանակումը նման պատասխանատու ու կարևոր պաշտոնում, ինչպես և դրան հետևած շատ սպասելի աղմուկը: Մահչուպյանի նշանակումը 2015-ի  համատեքստում կարելի է համադրել անցյալ տարի դեկտեմբերին Դավութօղլուի երևանյան այցի, Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի հետ: Իսկ այս շղթան, վստահ ենք, դեռևս անավարտ է, և Թուրքիայից նման նոր ու «աննախադեպ» քայլեր սպասելու հիմքեր շատ կան: Սա, սակայն, այլ ուսումնասիրության նյութ է և մեծ կարևորություն է ներկայացնում:
Վերադառնալով Մահչուպյանի նշանակմանը` այդ իրադարձությունը պետք չէ սահմանափակել միայն Հայոց ցեղասպանության հարցում քարոզչական խնդիրներ լուծելով կամ Մահչուպյանի` որոշակիորեն իշխանական շրջանակներին հարելուն: Ի վերջո, Մահչուպյանը բավական խելացի, փորձառու և վերլուծական դաշտում կշիռ ունեցող գործիչ է, որի ներկայությունն իշխանական թիմում կարող է դրական ազդեցություն ունենալ դրա վրա:
Կարևոր է հաշվի առնել ևս մեկ հանգամանք: Այն, որ Մահչուպյանը պաշտոնապես անդամագրվում է թուրքական իշխանական շրջանակներին, ավտոմատ կերպով նրան չի դարձնում հակահայ գործիչ: Ժամանակակից Թուրքիայում պարտադիր չէ լինել իշխանամետ ու անպայման լինել հակահայ: Հաճախ, բայց ոչ միշտ, այս երկուսը կարելի է համատեղել, եթե դա բխում է Թուրքիայի շահերից: Միևնույն ժամանակ ընդդիմադիր լինելը Թուրքիայում չի ապահովում պարտադիր հայամետություն, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերը, ըստ էության, հայատյաց քաղաքականության կրողներ են: Պետք չէ մոռանալ նաև Մահչուպյանի կարևոր ներդրումը Թուրքիայի հայերի կյանքում: Նա էր, որ հեղինակեց մեծ արձագանք ստացած և բազմաթիվ մրցանակների արժանացած «Տիկին Սալքըմի ադամանդները» ֆիլմի սցենարը, որում բարձրաձայնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում հայերի նկատմամբ պետության բռնաճնշումների մասին: Եվ նա էր, որ 2007 թվականին «Ակօսի» հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից հետո ծանր շրջանում ստանձնեց հայկական թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները:
Ամեն դեպքում, նոր պաշտոնում Մահչուպյանի աշխատանքն ու քաղաքականությունը հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց, երբ կլինեն եզրակացություններ անելու բավարար հիմքեր ու կունենանք ընդհանուր պատկեր: Առայժմ ունենք այն, որ Թուրքիայի վարչապետն ունի հայ խորհրդական, որը թուրքական իշխանություններին պետք է ոչ միայն քարոզչության և սեփական ինքնագովազդի տեսանկյունից, այլ նաև իրենց ճամբարը փորձառու և հեղինակավոր անձով համալրելու համար:
Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին