▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու ուղեղում կիստա կա,բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է,թե տիպային կիստա է «քսերոքս» արած.Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը կրկին անդրադարձավ՝ հիվանդությունների պատճառով զինվորական ծառայությունից ազատվելու հարցին․ «Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում մի քանի աղմկոտ դեպքեր եմ հիշում, երբ զորահավաքային համակարգի և առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ սխեմաներ են գործում։ Ո՞ւմ մտքով կանցի, որ երկրի երկու էլիտար մասնագիտությունների միջև՝ ընդդեմ պետության համագործակցություն կա։ Պետական վերահսկողական ստուգումների արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք, օրինակ, զորակոչիկի ուղեղում կիստա կա, արձանագրվում է, բայց հետո հնարավոր չէ նույնականացնել՝ էն հետազոտության տվյալը, որը հղում է արվում, այդ մարդու կիստա՞ն է, թե, ինչպես ասել է, տիպային կիստա ունենք, քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ենք ու ազատում»,- նշել է նա:

***

ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։

«Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինծառայության սահմանափակումները, որոնց շրջանակներում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ ու տեխնիկա վարելն ու անձնակազմ ղեկավարելը»,- կառավարության նիստում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա ասաց, թե այսօր էլ գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է, որովհետև, նախարարի խոսքով, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե երբ նայում են վիճակագրությունները՝ տեսնում են, որ անկանոնությունները շատ են։

«Շատ դեպքերում մենք առաջնորդվում ենք  լավատեսության այն կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը, այնտեղ պետք չէ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել, բայց, երբ խորանում ես թեմաների մեջ, տեսնում ես, որ կան բազմաթիվ սողանցքներ»,- ասաց նա։

***

Նորակառույց դպրոցների տարածքները պետք է ծառայեն որպես համայնքային կենտրոններ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն, մնան դատարկ, պետք է ծառայեն համայնքի կարիքներին՝ մաքսիմալ մոտ կրթական և զարգացման օրակարգերին և տրամաբանությանը»,- նշեց նա՝ անդրադառնալով նաև այն խնդրին, որ նորակառույց դպրոցներում դասասենյակների պակաս կա։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ խնդիրն առաջացել է նախապես կայացված որոշման փոփոխության արդյունքում, համաձայն որի՝ դասարանների միավորում տեղի չի ունեցել, յուրաքանչյուր տարիքային խումբ առանձին է մասնակցում դասապրոցեսին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղում ուսուցիչները ստեղծագործական մոտեցում պետք է ցույց տան․ «Դպրոց ենք մտնում, լրիվ նոր դպրոց, խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում. ստեղծագործական մոտեցում է պետք, կառավարությունը չի կարող գնա դպրոց՝ ասի, թե ով որտեղ պետք է դաս անի»,- նշեց Փաշինյանը։

***

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Բրյուսովի անվան պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները։ Իր խոսքում նորընտիր ռեկտորը հայցեց կառավարության աջակցությունը՝ փոխելու համալսարանի անվանումը․ «Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է վերադառնա իր նախկին կոչմանը, որն է՝ լեզվաբանական և լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը։ Այս անորոշ անունը՝ «Բրյուսովի անվան պետական համալսարան», ժամանակավրեպ է, ոչ տեղորոշված է, ոչ մասնագիտություն կա անվան մեջ։ Հետագայում ակնկալում եմ կառավարության աջակցությունը այս հարցում»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին