▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարյան ծննդատանն այսօր 24-ամյա ծննդկան է մահացել

Քիչ առաջ  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, 24-ամյա ծննդկան է մահացել:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ 24-ամյա Լուիզա Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով եկել Մարգարյան ծննդատուն, այսօր առավոտյան առաջնեկին է ունեցել՝ տղա երեխա:

 «Ցավոք, մեր ընտանիքի ուրախությունը երկար չտևեց: Կես ժամ առաջ տեղեկացանք, որ, չգիտենք ինչ պայմաններում, Լուիզան մահացել է: Խոսքեր չենք գտնում արտահայտվելու համար: Ուզում ենք Առողջապահության նախարարությունը՝ նախարար Արսեն Թորոսյանի հսկողության տակ, առանձին հետաքննություն կատարեն: Ճիշտ է, այս պահին արդեն ոստիկաններն ու քննիչները ժամանել են, բայց մենք ուզում ենք, որ Լուիզայի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիքում ուրախությունը կարճ չտևի: Մինչ մենք ուրախանում էինք երեխայի լույս աշխարհ գալու առիթով, ստացանք մոր մահվան մասին լուրը»:

 Լ. Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում:

Ըստ մամուլի քարտուղարի, ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:

«Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար:

Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում հարազատներին»,-գրել է Նիկողոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին