Օրերս Մատենադարանի թանգարանում կայացել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։ Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։
3D սքանավորման սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է ընձեռում թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։
«Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլև պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը», - ասել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, շնորհակալություն հայտնելով բարերար Վահե Բադալյանին և շնորհավորելով գործընկերներին, կարևորել է Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։
«Մեր բարերարի աջակցությամբ շարունակում ենք Մատենադարանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման և արդիականացման գործընթացը։ Թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման մի սարք, որը մեր իրականության մեջ թանգարանային հատվածում, աննախադեպ է», - նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը: Սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Սա Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման արտահայտություն է։