Hetq.am-ը գրում է, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում և միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում: Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը՝ ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանելով սա՝ գրել է.
HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի կողմից գողացված տեղեկատվության հրապարակումը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքում, որտեղ նաև տեղ է գտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, լայնորեն տարածում է գտել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում, նաև տեղիք տվել անհարկի մեկնաբանությունների: Տեղեկացնում ենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից Մայր Աթոռին կատարված հարցումին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխան նամակով անհրաժեշտ պարզաբանումը տվել է, որը և հատվածաբար արդեն իսկ ներկայացված է կոնսորցիումի կայքում: Որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ այս ամենի մեջ չկա և պետք չէ փնտրել: Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով: Այդպես եղել է և Վազգեն Առաջինի, և Գարեգին Ա, և Գարեգին Բ կաթողիկոսների պարագային: Հաշվեհամարը տվյալ կաթողիկոսի ի Տեր ննջումից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին և կատարվել է հաշվեհամարի անվանափոխումը: Նույնն է նաև այս հաշվեհամարի պարագան: Այս հաշվեհամարը, որ բացվել է Գարեգին Ա հայրապետության շրջանում, մատնանշված գումարով հանդերձ ժամանակին որպես Մայր Աթոռի հաշվեհամար փոխանցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: