Դեկտեմբերի 28-ին տոնական տրամադրություն է ինստիտուտում:
Պատուհանից դուրս եմ նայում:
Մազմանյանը ուր որ է պետք է հասնի շենքին: Բնավորությունն իմանալով, գիտեմ, որ դեռ մի կես ժամ ունենք սպասելու: Զարմացա, երբ տեսա մեքենան կանգնեց բակում: Ծանր իջավ, ձեռքին կարմիր նվերների մեծ տոպրակով: Իջա մուտքի մոտ:
-Բարի գալուստ:
Գլխով հաստատեց բարին կամ էլ գալուստը, ու ժպտաց աչքերով, ոնց որ միշտ: Հետո ուշադիր լարեց ականջները:
-Էս ի՞նչ դաշնամուրի ձայն է:
-Հիմա կբարձրանաք կտեսնեք,-ժպտացի:
Վերջին համագործակցությունը, որ ունեցել էինք լեհական «Աշխարհն՝արեւածագից մինչեւ մայրամուտ» հայտնի նախագծի շրջանակներում, մեծ ազդեցություն էր թողել ուսանողների եւ անձամբ Աղասիչի վրա:
Մինչ Գերմանիայից վերադառնալը գործընկերոջս հետ՝Անահիտի, որոշել էինք նախագծին բնորոշ Թատերական ինստիտուտի եւ Լոձիկինո դպրոցի անկյունը ստեղծել: Հիմնական ռեկվիզիտը ֆիլմի համար գնված դաշնամուրն էր, որի համար ինքն անձամբ փնտրտուքների մեջ էր ընկել: Բարձրացանք աստիճանները՝ հետեւից ուսանողներ, աշխատակիցներ: Բոլորին մի պահ ձեռքով կանգառնել ստիպեց, մոտեցավ դաշնամուրին, ժպտալով նայեցիր կուրսի ուսանող Արսենին, ով էլ նվագում էր դաշնամուրը…Ու առաջին անգամ տեսա՝ ոնց են լցվում Մազմանյանի աչքերը…
-Անուշ…
-Հա, Արմեն Աղասիչ:
-Ոնց որ հետ եմ գալիս կյանք…
Ընդունարանում հերթ էր գոյացել, բոլորն ուզում էին մտնել, ողջագուրվել հետը: Գործավարուհի Սուսաննան բոլորին հերթականությամբ ներս էր թողնում: Ռեկտորատը անսովոր կերպով կարճ տեւեց. բոլորին ինչ-որ նախախնամությամբ գրկեց, ձեռքը սահեցրեց գրադարանի գրքերի վրայով, ու խնդրեց՝տասը րոպե հանգիստ թողնենք…«Տարին բարդ ու պարտավորեցնող է լինելու»… Վերջին նախադասությունը ռեկտորատի ժամանակ: Հաշվետվությունները ձեռքիս ներս մտա:
-Սպասի, Ջարեթթի կոնցերտը միացնեմ ու անցնենք հաշվետվությանը:
Սա իր սովորության հիմնական մասն էր: Անահիտին ու ինձ մշտապես ստիպում էր երաժշտության ներքո զրուցել առաջիկա խնդիրների, գործերի ու եղած-չեղածի մասին: Մինչեւ վերջ չլսեց ծրագրերի մասին: Ասեց, որ տոներից հետո մեկ ամբողջ օր Անահիտի ու ինձ հետ միասին ամեն բան մանրամասն կքննենք: Հետո սեղանի տակից հանեց կարմիր տոպրակը՝ մեջից մի քանի հուշանվեր-հրեշտակներ:
-Ընտրի սրանցից մեկը:
Աչքիս վայրկենական անցան բոլոր նվերները, որոնք պարտադիր մաս էին կազմում ճամփորդությունների, դրանցից մի քանիսը ինչպես ինքն էր սիրում ասել «իր թիմի» համար էին: Ընտրեցի սեւուկին: Նայեց, ծիծաղեց.
–Դուրս թռա հիվանդանոցից:Ասեցի, որ քշեն Գերմանիայի հուշանվերների շուկա: Ամեն բան իրար նման էին՝ մարմարե, նույն գույնի:Անկյուններից մեկում մի սեւամորթ աղջիկէր: Աղքատիկ սեղանիկին իր ձեռքով պատրաստված էս հրեշտակները:Մոտ գնացի, սկսեցի ռուսերեն քթիս տակ ինչ ասես ասել:Մտածում էի՝ ինչ լեզվով հարցեր տամ:Նեգրուհին նայեց դեմքիս, ժպտաց ու ռուսերենով հարցրեց՝ ինչ ով կարող է օգնել:Մի հինգ րոպե շշմած կանգնել էի, Անուշ, պատկերացնու՞մ ես՝ Գերմանայի կենտրոնում, հուշանվերների խղճուկ գումարով ապրող նեգր մի աղջկա, ով ռուսերեն խոսել գիտի…Աշխարհն ի՜նչ ա ապրում, չէ՞:
Սեղանին թողեցի հաշվետվության թղթապանակը, սկսեցինք զրուցել: Հետո նորից մենակ ուզեց մնալ:Սենյակը լցվեց ջերմությամբ, երբ ներս մտավ կինը՝ Նինան ու նախկին ուսանողները: Կատակի ու հիշողության մեկ ժամ էր: Հետո կանգնեց մուտքի մոտ, ուղղեց շարֆը, նայեց դուրս, ձեռքին անցկացրեց թզբեհը ու թե.
-Անուշ, էսօր էլ պե՞տք եմ,-ամեն աշխատանքային օրվա վերջին սիրելի նախադասությունն ասեց մի ուրիշ թախիծով:
Էդ պահերին ես ու Անահիտը նայում էինք իրար ու ասում՝ չէ, ամեն բան կարգին է, մինչ վաղը, Աղասիչ…Էս անգամ սիրտս չտվեց.
-Միշտ…Միշտ պետք եք,-ժպտացի:
Շարունակելի
Հ.Գ.
Լուսանկարում՝ Գերմանիայից բերված հուշանվեր-հրեշտակը
ԵԹԿՊԻ մամուլի քարտուղար Անուշ Քոչարյան