Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է այս գործընթացից առաջ նոր ընտրություններ լինեն, եթե կընտրվեք, ձեր մտածած ձեւով կանենք, որովհետեւ նախորդ անգամ ուրիշ խոստումներով են եղել ընտրությունները: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեց գյուղի բնակիչներից մեկը:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա այդպես պտք է լինի, որովհետեւ այն, ինչ մենք հիմա անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին մեր արձագանքն է: Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություն անել, դրանից հետո Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ է պատերազմ սկսվել, վղը կարող է մեկ այլ տեղ պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա: Այսինքն ամեն շաբաթ պետք է Իշխանության խնդիրը սեփական երկիրն ու ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք: Դա է ապրելու եւ զարգանալու պայմանը: Իսկ մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետեւից չենք գնացել մինչեւ վերջ եւ անկեղծորեն:
Ասօր ասում են՝ բա դուք ասել եք Արցախի ինքնորոշման իրավունք, բա ասել եք «անջատում հանուն փրկության համար»: Մենք դրանց հետեւից գնացել ենք:
Ես Կիրանցում ասել եմ, որ եթե այն, ինչ մտածել ենք, հաջողվի իրականացնել, մենք շատ մեծ բան ենք ստանում, մենք ստանում ենք ինքնիշխանության, անկախություն»:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2026 թվականին լինելու են նոր խորհրդարանական ընտրություններ. «Անցել են այն ժամանակները, որ գան ասեն՝ սենց քվեարկի, նենց քվեարկի: Կորոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք: Բայց ես հիմա այդ ամեն ինչը հասկանալով, ես, ինչ-որ իմաստով ես իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ դա այդքան պոպուլյար չի: Եթե այդքանը չհասկանայի, ես ի՞նչ գործ ունեի վարչապետի պաշտոնում: Ես իմ քաղաքական թիմի հետ զրոյից հեղափոխություն եմ արել, երբ ոչ մեկը դա հնարավոր չէր համարում: Մենք երկու բան ենք արել, որին ոչ մեկը չէր հատվատում: Մեկը 2018-ի հեղափոխությունն էր, մյուսը այն, որ ոչ մեկը չէր հավատում, որ 2021-ին մենք կարող է հաղթենք:
Ես գիտեմ՝ սա ինչի համար եմ անում: Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ, այլ անկախ պետություն»,- հայտարարեց Փաշինյանը:
***
Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե մենք ուզենանք էլ, չենք կարող հրաժարվել: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցով որոշում կարելի է կայացնել միայն հանրաքվեով: Եթե թեմա կծագի՝ ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի հետ փոխելու, դա կռավարությունը չի կարող անել, ԱԺ-ն չի կարող անել: Նրանք կարող են ասել՝ եկեք այս հարցով հանրաքվե անենք»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության թեմային, վարչապետը նկատեց, որ ժողովրդավարական պետության համար ընդդիմությունը շատ կարեւոր է. «Մենք բոլորին էլ հարգում, գնահատում ենք: Համաձայն չենք շատ հարցերում իրենց հետ, համարում ենք, որ իրենք ուղղակի աղավաղում են, երբ ասում են՝ Տավուշի 4 գյուղերը տալիս ա: Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել»,-ասաց նա:
Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։
Այսօրվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։
***
Ադրբեջանագետ Տաթևի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ Տավուշ կատարած այցի ժամանակ կրկին մտել էր սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի կեղծ դերի մեջ, իսկ իրականում եղել ու շարունակում է մնալ խրոնիկ ստախոս։ |