▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք սխալ ճանապարհով ենք գնում դեպի քաղաքականություն

Նախորդ գրառումներիցս մեկում արձանագրել էի, որ մենք ավելի քիչ քաղաքացիական ակտիվություն ենք ցուցաբերում և ավելի շատ՝ քաղաքական, մինչդեռ դեպի քաղաքականության պետք է գնանք քաղաքացիության միջոցով, քաղաքացի դառնալու և որպես քաղաքացի մտածելու միջոցով: Դա է ճիշտ ճանապարհը, մինչդեռ մենք սխալ ուղու վրա ենք: Եթե մարդ ոչ որպես քաղաքացի է ստեղծում քաղաքականություն, ապա նա ստեղծում է քաղաքականություն մեկ որպես ազգային-մշակութային էակ (հայ մարդ), մեկ՝ որպես կրոնական էակ (քրիստոնյա, մահմեդական), կամ որպես տնտեսական էակ (գործարար, օլիգարխ), կամ որպես արդեն քաղաքականացված մարդ (կուսակցական): Դրանք բոլորն էլ Հայաստանում կան. հոգևորականն իր քաղաքականությունն է վարում, օլիգարխը՝ իր, ազգային մարդը՝ իր մշակույթն է քաղաքականություն դարձրել, և այլն:

Բայց բոլոր այդ դեպքերում մենք չենք ունենա բոլորիս միավորող քաղաքականություն, այլ կունենանք (և արդեն ունենք) բոլորիս իրարից անջատող, բաժանող քաղաքականություն:

Մինչև Հայաստանում մարդ չխոսի որպես քաղաքացի, և իր քաղաքացիությունը՝ դրանից բխող իրավունքներով, պարտականություններով և արժեքներով, չդարձնի իր քաղաքացիական վարքի անբաժանելի և պարտադիր նորմ, հայ հասարակությունն առաջ չի գնա: Բայց տեղում կանգնել էլ հնարավոր չէ արագ փոխվող այս աշխարհուն: Ուրեմն, մենք միայն մեկ ճանապարհ ունենք այստեղից՝ դեպի հետ:

Հ.Գ. Լեզուս չի պպտվում ասեմ՝ բարի ճանապարհ:

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին