▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղք են էն ադրբեջանցի դիվերսանտները, դրանց էլ ազատեք, թող գնան.հիմա մեղավո՞ր են, որ Ադրբեջանի դեսպանատուն չկա ՀՀ-ում

«Գյումրու իրադարձությունն ունի քաղաքական երանգ: Ոճրագործը կատարել է քաղաքական պատվեր և նրա բոլոր քայլերը հանգեցնում են այդ մտքին, այլապես ինչո՞ւ էր ցանկանում Թուրքիա փախչել:

Հանգիստ և ավելի հեշտ կարող էր Վրաստան գնալ: Այսինքն, փախչում է կամ պատվիրողի, կամ հովանավորի մոտ, ում մոտ կարող է ապահով լինել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց դիվանագետ, արևելագետ Խաժակ Թոմոյանը:

Խոսելով ոճրագործի՝ ՀՀ-ում պատիժը կրելու հետ կապված խնդիրների  մասին՝ դիվանագետը նկատեց. 

«Ամեն ինչի մեղավորը երկրի անինքնասեր կառավարությունն է: Ռուսաստանի՝ մեր պետության հանդեպ վարած քաղաքականությունն ամոթալի է մեր ղեկավարության համար: Այսինքն, այսօր ոչ թե ինքնիշխան, ժողովրդավարական հանրապետություն ենք, այլև Ռուսաստանի մի նահանգ: Ռուսն ինչ անում է՝ ասում ենք, լավ ես անում: Երկրի նախագահին առաջարկում եմ գնալ ու պաշտոնավարել Ռուսաստանում, քան թե մնալ ՀՀ նախագահ: Նման ստրկացած վիճակ մեր ժողովրդին պետք չէ: Այն, ինչ կատարվեց Գյումրիում՝ ամբողջ հայ ժողովրդի վիշտն է, իսկ ժողովրդի հովիվը ժամանակ չի կորցնում Սփյուռքում շրջագայություններ անել, փոխարենը պետք է լիներ իր ժողովրդի կողքին և հոգեհանգստի արարողությունը հենց ինքը կատարեր: Իր հայրապետական խոսքով պետք է դիմեր ամբողջ ազգին ու նաև պահանջեր Ռուսիո պատրիարքից, որպեսզի նա նույնպես ներողություն խնդրի կատարվածի համար: Եթե լիներ Վազգեն առաջինը, ով 1988 թվականին պատկառելի տարիքում գնաց ու հացադուլի նստեց հանուն իր ազգի այլ կերպ կվարվեր, իսկ այսօր մեր Կաթողիկոսը շրջագայում է Սփյուռքում, ազգն էլ փողոց է դուրս եկել, ու պահանջում է, որ հանցագործին հանձնեն ՀՀ-ին:

Անհրաժեշտ  է Ռուսաստանի նախագահից ճիշտ կողնորոշում պահանջել և հանցագործին վերադարձնել ու հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Այլապես, ՀՀ նախագահը պետք է պահանջի ազատ արձակել Հրաչյա Հարությունյանին և վերադարձնել Հայաստան: Եթե Հրաչյայի դեպքում դժբախտ պատահար էր, ապա այս դեպքում կանխամտածված ոճրագործություն էր»

Դիվանագետին վրդովեցրել է նաև քաղաքական կուսակցությունների, կանանց խորհուրդների որդեգրած քաղաքականությունը.

«Չեզոք դիրք են բռնել ու Ռուսաստանի նման թաքնվել են, թե ինչի են սպասում՝ չգիտեմ: Հետո դուրս կգան ու կսկսեն պոպուլիստական իրենց ճառերով գրավել ժողովրդին: Նրանք ընդամենը քաղաքական խամաճիկներ են, ոչ թե ազգային գործիչներ, այլապես կդիմեին ՌԴ դեսպանին, որ ելույթ ունենար, ներողություն խնդրեր հայ ազգից՝ կատարվածի համար ու ցավակցեր ողջ հայ ժողովրդին՝ խոստանալով, որ ոճրագործին կհանձնեն ՀՀ-ին»:

Ինչ վերաբերում է կանանց խորհուրդներին, ապա նրա խոսքով, պետք է ցուցարարների առաջին շարքում հայ կանայք լինեին. «Միակ հայ կինը Զարուհի Փոստանջյանն է»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ոճրագործը որևէ պետության հովանավորչությամբ է գործել, հատկապես Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի, դիվանագետը պատասխանեց, որ վստահ չէ.

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը նման քայլի կգնար: Սա պարզապես մի հիմար մարդու արարք է,  որին ինչ-որ գումար են խոստացել: Կարծում եմ, որ համացանցով ինչ-որ մեկի հետ կապ է հաստատել: Այլապես, ինչո՞ւ էր հեռախոսներ գողացել: Հաստատ լուսանկարած կլինի զոհերն, որ ապացուցեր, թե այդքան մարդ է սպանել, որպեսզի վարձատրվեր: Կարծում եմ՝ շահի համար է այդ քայլին գնացել, բայց որ առաջարկողն ունեցել է քաղաքական նպատակներ՝ դա այդպես է: Դրա համար դատը Ռուսաստանը վերցրել է իր ձեռքը և չի ուզում լուսաբանի, որպեսզի հետագայում իր անունն ավելի չմրոտվի»

Ի վերջո, Ռուսաստանը թույլ կտա՞ ՀՀ-ում իրականացնել դատավարությունը և արդյո՞ք հանցագործը պատիժը կկրի ՀՀ-ում, դիվանագետը նշում է՝ համոզված չէ.

«Կարծում եմ՝ Ռուսաստանը թույլ կտա, որ դատավարությունը լինի այստեղ, իսկ պատիժը կրի Ռուսաստանում: Եթե մարդը չի հանձնում հանցագործին, անունը դնենք Պուտին-Պերմյակով: Ասում է, թե  Ռուսաստանի սահմանադրությանը հակասում է: ՀՀ Սահմանադրությունը հեչ, Ռուսաստանը մե՞ջ: Բա մեր Սահմանադրությունը, այսքան թափած արյունն ո՞ւր մնաց:  Այսինքն, կամաց-կամաց Ռուսաստանի մի նահանգ ենք դառնում: Բա «մեղք» են էն ադրբեջանցի դիվերսանտները, դրանց էլ ազատեք, թող գնան Ադրբեջան, հիմա մեղավո՞ր են, որ Ադրբեջանի դեսպանատուն չկա ՀՀ-ում ու չեն հասցրել այնտեղ փախչել ու մտնել: Դա էլ իրանց Սահմանադրությանն ա հակասում: Ինչ տարբերություն Սաֆարովի, դրանց ու էս ապուշի  միջև: Ոչ մի տարբերություն»

Հարցին, թե եթե չլիներ ժողովրդի ընդվզումը՝ ՌԴ նախագահը արդյո՞ք կցավակցեր, Խաժակ Թոմոյանը նկատեց.

«Հակառակը, եթե ընդվզումը չլիներ, հնարավոր է՝ ավելի շուտ ցավակցեր: Սա եղավ, նա սպասեց՝ տեսներ  վերջնական արդյունքն ինչ է.եթե զինված բախումի գնար, արդեն զորքեր կլցներ»:

Դիվանագետը տեղեկացրեց, որ այսօր պատրաստվում է նամակ հանձնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին.

«Նամակում գրել եմ, որ մեղավորը ինքն ու իր երկրի նախագահն են, կաթողիկոսը, որովհետև կատարվածի համար պետք է ներողություն խնդրեին միանգամից ու ասեին, որ ոճրագործը հանձնվելու է մեր իշխանություններին, իսկ, եթե այսպես շարունակեն՝ ես որպես քաղաքացի պահանջում եմ, որ հետ վերադարձնեն Հրաչյա Հարությունյանին: Թող գա, հլը մենք էլ կորոշենք՝ պատիժ կկրի, թե՝ ոչ»:

Անի Կարապետյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին