Սույն թվականի հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ N զորամասի հոսպիտալից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանի ծեծի գործով ձերբակալված երեք անձանցից մեկի` զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արմեն Թորոսյանի կինը, լրատվամիջոցներին նամակ է ուղղարկել, որը ներկայացնում ենք ստորև.
Վերջին շաբաթվա ընթացքում Վարդենիսի հոսպիտալից Երևան տեղափոխված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանի դաժան ծեծի և խոշտանգումների մասին տարածված լուրերը ուղղակիորեն հեղեղել են ողջ համացանցը: Մհերին ծեծելու և խոշտանգելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները թերի կատարելու մեղադրանքով ձեռբակալվեցին 3 հոգի՝ այդ թվում նաև իմ ամուսին՝ ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը: Համացանցում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ առաջացրած այս զարհուրելի դեպքը առաջին հայացքից թվում է ոչ մի արդարացում չունի և չի էլ կարող ունենալ: Ըստ որոշ կասկածելի և վստահություն չներշնչող աղբյուրների՝ Ա. Թադևոսյանը, անտեսելով երկկողմանի թոքաբորբով տառապող զինվորին, թերացել է իր անմիջական պարտականություններում, ինչի հետևանքով 18-ամյա Մհերը գրեթե մահամերձ վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Սակայն նման պարսավանքներն ու մեղադրանքները ոչ մի փաստացի հիմք և ապացույց չունեն: Ամբողջությամբ կիսում եմ Մհերի մայրիկի և հարազատների ցավը, մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Ես, որպես Ա. Թադևոսյանի կին և մանուկ զավակի մայր, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տվյալ անձի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն: Անարդարացի և անհիմն եմ համարում մեղադրել Արմանին զինվորի հանդեպ նման դաժան և սառնասիրտ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, քանզի նա այն մարդն է, ով իր ծառայության ընդհանուր 12 տարիների ընթացքում, որից 5-ը զորամասերում, վտանգի ենթարկելով իր կյանքն ու առողջությունը և ամիսներ շարունակ զրկված լինելով իր ընտանիքը տեսնելու հնարավորությունից, փրկել է բազմաթիվ զինվորների և սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքը: Տարիներ շարունակ նա բարեխղճորեն կատարել է իր վրա դրված պարտակությունները՝ արժանանալով ընդհանուր բարձր գնահատանքի, ինչի մասին վկայում են ներկայիս կապիտանի կոչումը, բազմաթիվ պատվոգրերը, շնորհակալագրերն ու շքանշանները: Ուստի կոչ եմ անում անհիմն և անարդար հերյուրանքներ տարածողներին նախ և առաջ պարզաբանել տվյալ անձին վերաբերող որոշ փաստեր: Միթե՞ սա առաջին դեպքն է, երբ անարդարացիորեն մեղադրում են մի մարդու, ով իրականում նման արարք չի գործել: Բավակա´ն է աչք փակել իրականության վրա և «քավության նոխազ» դարձնել անմեղ մարդկանց՝ իսկական հայրենասերներին և իրենց աշխատանքը սիրողներին: Հուսամ՝ այս դեպքը, ողջամիտ մարդկանց օգնությամբ, կարժանանա արդար հանգուցալուծման: Նրա գործերով զբաղվում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Հետևեք էջին, որտեղ Արմանի մասին իրենց կարծիքներն են արտահայտում կյանքում գոնե մեկ անգամ նրա հետ շփված անձինք, որոնց մեջ քիչ չեն Արմանի հետ նույն զորամասերում ծառայած զինվորները և նրանց ծնողները:
Հարգանքներով՝ Հասմիկ Ապրոյան
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի