▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոլորված, անկարող տղամարդիկ ու ընկճված, միայնակ կանայք.Սոսե միջազգային կինոփառատոնը մեկնարկում է

Արդեն 3-րդ անգամ Հայաստանում կանցկացվի Սոսե միջազգային կինոփառատոնը(փառատոնը կոչվել է Սոսե՝ ի պատիվ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ,  Աղբյուր Սերոբի կնոջ ու զինակցի՝ Սոսե Մայրիկի) որի ընթացքում կներկայացվեն կնոջ մասին լավագույն խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերը: Մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերով հեղինակները խոսելու են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, կարողությունների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

Փառատոնի հիմնադիր նախագահ Ռիտա Խալաթյանի  հաղորդմամբ՝ մասնագիտական հանձնախումբը 61 երկրից ուղարկված 336 հայտերից առանձնացրել է 104 ֆիլմ:

Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն էլ, ով հասցրել է ֆիլմերից մի քանիսը դիտել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գրեթե բոլոր կարճամետրաժ ֆիլմերում միայնությունն ու հուսահատությունն է ընդգծված, ինչը մտահոգիչ է.

«Նկատեցի, որ այս վիճակն է ամբողջ աշխարհում: Ակնհայտ է հասարակությունից փախչելու, մեկուսանալու ցանկությունը: Սա անհանգստանալու տեղիք է տալիս: Աստվածաշունչն ասում է՝ կինը համարվում է տղամարդու փառքը, բայց, եթե նա այսօր իրեն ընկճված ու միայնակ է զգում, դա ինչ-որ բան ասում է տղամարդու մասին.ցույց է տալիս գուցե նրա մոլորված, անկարող լինելը»,-ասաց դերասանուհին՝ հավելելով.

«Սա ոչ միայն կին, այլև տղամարդ ռեժիսորներն են նկատել ու խոսում են դրա մասին: Կցանկանայի, որ հասարակության ավելի լայն շերտերը մասնակցեին ու դիտեին ֆիլմերը»: 

Նշենք, որ կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 23-ից և կտևի մինչև 30-ը: «Սոսե 2016»-ը, բացի հիմնական մրցութային ծրագրից, իրականացնում է ևս երկուսը՝ «Հատուկ» և«Ուսանողական», որոնց նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է։

«Հատուկ» մրցութային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարևորվում է  յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին, և «H2O»`նվիրված ջրին:

«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝ փառատոնը կվճարի տվյալ մրցութային ծրագրում հաղթող ֆիլմի ուսանող - ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը։

«Սոսե» կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի մի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներն ու համատեղ աշխատել: Ծրագիրն էքսպերիմենտալ բնույթ է կրում և իրականացվելու է ամբողջ տարվա ընթացքում:

Ֆիլմերը հանդիսատեսը կարող է անվճար դիտել Փարաջանովի տուն-թանգարանում, ԿինոՊարկում, Նարեկացի արվեստի միությունում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ցանկություն կա ֆիլմերը ցուցադրել նաև Գյումրիում:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին