Մոսկվայում երեկվա միջադեպից տուժած տղաները կոչ են անում չտրվել սադրանքների
Տեսանյութը՝լրագրող Նաիրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Մոսկվայի Լյուբլինսկայա և Նիժնիե Պոլյա փողոցների խաչմերուկում ադրբեջանցիների հարձակումից տուժած երկու հայ երիտասարդները՝ Էրիկ Անանյանը և Գարիկ Գիրգորյանը, ոստիկանությունից դուրս գալուց հետո, որտեղ գտնվում էին արդեն ութ ժամ՝ հարցաքննության նպատակով, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմել էին, որ երեկոյան ժամը 22-00-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալիս են հարձակման ենթարկվել: Շրջապատելով BMW մակնիշի մեքենան ադրբեջանցիները նախ ծեծի են ենթարկել նրանց, ապա դանակով հարվածել Գարիկ Գրիգորյանին թիկունքին: Հարձակման հետեւանքով Էրիկը ստացել է դիմածնոտային եւ կողոսկրերի կոտրվածք:

«Ես ծնվել եմ Սումգայիթում եւ շատ լավ գիտեմ ադրբեջաներեն: Նրանք հարվածում էին մեզ ու գոռում՝ հայեր են, դանակը սիրտը մտցրեք, սպանեք»,- պատմել է Էրիկը: Երիտասարդները ասել են, որ ոստիկանության բաժանմունքում էին նաև բերման ենթարկված ադրբեջանցիները, որոնց իրենք ճանաչել են: Կազմվել է արձանագրություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի հյուսիս-արևելյան թևում գտնվող Լյուբլինո և Բրատիսլավսկայա թաղամասերում, որոնք ի դեպ ամենախիտն են բնակեցված հայերով, երեկ գիշեր միաժամանակ տեղի է ունեցել հարձակում՝ հայկական համարանիշներով երկու տարբեր BMW և KIA մակնիշի մեքենաների վրա, տարբեր հասցեներում կայանված: Երկու մեքենաներն էլ ջուդուփշուր են արվել, մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել տասից ավելի քաղաքացիներ: Մոտ հիսուն մարդ բերման էր ենթարկվել:


