▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը

Ինչո՞ւ երկուսուկես տարի ուշացումով Հայաստանի իշխանությունները «հիշել» են, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 7–րդ կետը կատարված է միակողմանիորեն՝ միայն ադրբեջանցիների համար, մինչդեռ ոչ մի տեղահանված արցախահայ մինչ այսօր հայրենիք չի վերադարձել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ալիեւի ճնշման տակ նեղ վիճակի մեջ ընկնելով, հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը։ Ինչպես միշտ դա արվում է չափազանց ուշացած։ Բան այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ կա տեղահանվածների եւ փախստականների վերադարձի հետ կապված 7–րդ կետը, որն ասում է.

«Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ եւ նրան հարող տարածքներ փախստականների գործերով ՄԱԿ–ի Գերագույն հանձնակատարի Վարչության վերահսկողության ներքո»։

Եւ ահա Հայաստանի իշխանությունները երկուսուկես տարի ուշացումով «հիշել» են, որ այդ կետը կատարված է միակողմանիորեն՝ միայն ադրբեջանցիների համար, մինչդեռ ոչ մի տեղահանված արցախահայ մինչ այսօր հայրենիք չի վերադարձել։

Հարց է ծագում. ինչո՞ւ այսքան ժամանակ այդ խնդիրը չէր բարձրացվում, եւ ինչո՞ւ հանկարծ հարցը հայտնվեց Հայաստանի իշխանությունների եւ պետական քարոզչության ուշադրության կենտրոնում։

Առաջին հարցի պատասխանը դժվար չէ գտնել։ Դասական փաշինյանական ապաշնորհությունը եւ Ալիեւին «ավելորդ» հարցերով չգրգռելու ցանկությունը լիովին բավարարում են որպես բացատրություն։

Բայց արի ու տես, որ Փաշինյանի անմեղսունակությամբ ոգեւորված Ալիեւը վերջերս սկսել է խոսել արդեն Հայաստանի տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին եւ չկատարելու դեպքում արդեն սպառնում է ուժի կիրառմամբ։

Այս զարգացումը թարմացրել է Նիկոլ Փաշինյանի հիշողությունը, եւ, խնդիրը երկուսուկես տարի շարունակ մոռացության մատնելուց հետո, Հայաստանի պետական քարոզչությունը սկսել է հարցեր տալ նոյեմբերի 9–ի հայտարարության 7–րդ կետի վերաբերյալ։ Քարոզչական այս նոր արշավի հեղինակներին թվում է, թե հարցը բարձրացնելով, նրանք անհարմար վիճակի մեջ են դնում եռակողմ հայտարարությունը ստորագրած, բայց այդ դրույթը չկատարած Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Նրանք, սակայն, չեն հասկանում, որ ավելի անհարմար վիճակում են հայտնվում Հայաստանի իշխանությունները, որոնք, ինչպես պարզվում է, այս ամբողջ ժամանակաշրջանում իրենց նորից պահել են որպես մեխի գլուխ։

Իրականում, սակայն, շատ լավ էլ հասկանում են, եւ, հենց տիպիկ փաշինյանական ձեւով, հարցը բարձրացնելիս, այն այնպես են փաթեթավորում, որ Նիկոլ Փաշինյանի այս խայտառակ ձախողման պատասխանատվությունը, ինչպես միշտ, դնեն նախորդ ղեկավարների վրա։

Եւ ահա մարտի 20-ին Պետրոս Ղազարյանի Հ1–յան ստուդիայում հայտնվում է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, որը, հղում կատարելով Արցախից բռնի տեղահանվածների վերջերս հրապարակված հայտարարության վրա, բարձրացնում է 7-րդ կետի կատարման հարցը։

Բնականաբար, նախատինքի ոչ մի խոսք չի հնչում հայտարարությունը ստորագրած, բայց կատարման համար ոչինչ չարած Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Բնականաբար, այս ամենի համար մեղավոր են նախկին իշխանությունները։ Ահավասիկ ուղիղ մեջբերումներ Հրանուշ Խարատյանի խոսքից.

«Հայաստանի որեւէ իշխանություն չուզեց, կամ չկարողացավ, կամ հատուկ նպատակով…չուզեցին փախստականության խնդիրը հատուկ օրակարգ բերել որեւէ ձեւով…32 տարի Արցախի հարցի շուրջ բոլոր բանակցություններում միշտ եղել է Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ, Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ, որովհետեւ իրենց ճակատագրի խնդիրն է եւ այդ մարդիկ … կողքի դիտորդ չեն, մասնակից են բանակցությունների։ Հայաստանի որեւէ փախստականի խնդիր Հայաստանից դուրս որեւէ կառույցում երբեւէ քննարկվե՞լ է՝ 32 տարի է, ես կարծում եմ մենք ուղղակի հանցագործ ենք էս մարդկանց առաջ»։

Հոյակապ է, իհարկե, որ Հրանուշ Խարատյանը պաշտպանում է հայ փախստականներին եւ տեղահանված անձանց 1991 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունների կողմից նրանց հանդեպ վարվող «հանցավոր» քաղաքականությունից։ Միակ խնդիրը սակայն այն է, որ ասվածն ամբողջությամբ սուտ է։ 

  1. Հայաստանի իշխանությունները անկախություն հռչակելուց ի վեր բոլոր բանակցություններում մշտապես հետապնդել են բոլոր հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի խնդիրը, հակամարտության կարգավորման բոլոր նախագծերի մեջ մտցնելով համապատսխան դրույթներ։ Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման 1997 թվականի փուլային տարբերակի 5-րդ կետը անդրադառնում էր բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի հարցին, այդ թվում նրանց, «ովքեր տեղահանված են եղել 1987 թվականից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության եւ լարվածության արդյունքում»։

11–րդ կետով անդրադարձ կար հատուկ Շահումյանի խնդրի լուծմանը։

Համաձայնագրի կատարման դեպքում նախատեսված չէր որեւէ ադրբեջանցու վերադարձ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք, ինչպես նաեւ Լաչինի շրջան, իսկ հետագայում Արցախի վերահսկողության ներքո գտնվող Շուշի եւ Լաչին քաղաքները՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը կարող էր լուծվել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտման եւ Շահումյանի շրջան հայերի զուգահեռ վերադարձի արդունքում։

Ի դեպ, նորից հիշեցնեմ, որ Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել կարգավորման այս տարբերակին։

  1. Բանակցություններում երբեք «Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ» կամ «Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ» չի եղել։ Քանի որ ԵԱՀԿ–ի արտգործնախարարների 1992 թվականի Հելսինկյան հանդիպման բանաձեւը սահմանում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի Մինսկի խմբի երկրների կոնֆերանսում, որին կհրավիրվեն նաեւ «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ եւ այլ ներկայացուցիչներ», որոշ քննարկումներ տեղի էին ունեցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրյալ իշխանությունների հետ, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Շուշի քաղաքի նախկին քաղաքապետ Բայրամովի հետ։

1994 թվականին ԵԱՀԿ–ի  Բուդապեշտյան գագթաժողովն ընդունեց բանաձեւ, որը վերջնականապես հակամարտության եւ բանակցությունների լիիրավ եւ իրավահավասար կողմ ճանաչեց Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին, ինչից հետո հակամարտության կարգավորման որեւէ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի որեւէ ներկայացուցիչ երբեւէ չի մասնակցել։

Հետեւաբար, գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ։ Փաշինյանի հանցավոր ձախողումների համար պատասխանատվությունը այլոց վրա դնելու եւ պատմական փաստերը կեղծելու իշխանական պրոպագանդայի այս ամոթալի պահվածքը դատապարտված է։ Պարտք եմ համարում այս ամենը հասցնել մեր հանրությանը։ Որքան շուտ հասկանանք, որ այսօր Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնց միակ գործը սեփական աղետաբեր սխալների համար պատասխանատվությունից խուսափելն է եւ այլոց վրա բարդելը, այնքան ավելի շուտ կկարողանանք երկիրը դնել ճիշտ ճանապարհի վրա»։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին