Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։
«Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նման հրապարակման։ Ձեզնից եմ առաջին անգամ լսում»,-ասել է Գևորգյանը։
Կայքի հարցին, թե արդյոք եղել է Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Արոնյանի միջև հանդիպում, որի ընթացքում Փաշինյանը խոստում է տվել հայ գրոսմայստերին լուծելու գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, վարչապետի խոսնակն ասաց․
«Թու՛յլ տվեք, ամեն դեպքում ծանոթանալ, թե ինչ է տեղի ունեցել, հետո արձագանքել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-եզրափակել է Գևորգյանը։
Քիչ անց դարձյալ փորձեցինք կապ հաստատել Մանե Գևորգյանի հետ։
«Ճիշտն ասած, ես նայեցի Արոնյանի էջում ու որևէ հրապարակում չտեսա»,-ասել է Գևորգյանը։
Կայքի դիտարկմանը, թե հրապարակումը ոչ թե Արոնյանի էջում էր, այլ Mediaport տելեգրամ-ալիքում, վարչապետի խոսնակն ասել է․
«Ճիշտն ասած, ես ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեմ տալիս Mediaport տելեգրամ-ալիքի հայտարարություններին»։