▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լյուվենի «Առողջության կենտրոն»

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում:

ՀՀ վարչապետի` Բելգիա  այցի այսօրվա  հերթական կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոն»-ն էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և «IMEC» գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է: Նիկոլ Փաշինյանը կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցադրությունների սրահում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, նպատակներին: Ի. Ֆրանսուայի խոսքով` «Առողջության կենտրոն»-ն իր տեսակի մեջ եզակի փորձարարական հաստատություն է, որի այցելուները կարող են տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ առողջապահության ապագային: Ցուցադրությունների միջոցով ՀՀ վարչապետին ներկայացվել է, թե ապագայում տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, եռաչափ մոդելավորումը, կրիչները և նանոտեխնոլոգիաները, ինչպիսի ազդեցություն են ունենալու առողջապահության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել  Երևան` մասնակցելու Կոնգրեսին:

 

Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվենի կրթական, գիտահետազոտական հաստատություններ այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ:

ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ֆրեդի Էվանսը:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև: Այն ստորագրել են «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հուշագրերի համաձայն՝ կողմերը համագործակցություն կծավալեն բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին