Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ արվեստագետների ու արվեստասերների հետ ներկա է գտնվել ժամանակակից հայ նկարչուհի Արև Պետրոսյանի AREV ART GALLERY նոր ցուցասրահի հանդիսավոր բացմանը: Նկարչուհու ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Քաղաքապետին ներկայացնելով ցուցասրահի ստեղծման նպատակը` Արև Պետրոսյանը նշել է, որ Երևանի սրտում բացված AREV ART GALLERY-ն մայրաքաղաքի արվեստասեր հասարակության համար կդառնա սիրելի վայր, որտեղ կյանքի կկոչվեն մշակութային բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ, այդ թվում կկազմակերպվեն գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ, քննարկումներ, հանդիպումներ և այլն: Նոր ցուցասրահում կներկայացվեն ոչ միայն Արև Պետրոսյանի, այլ նաև Պետրոսյան ընտանիքի տաղանդաշատ մյուս անդամների՝ անվանի արվեստագետ, Հայաստանում մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի և ժամանակակից քանդակագործ Արեգ Պետրոսյանի գործերը:
Կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես խրախուսում է նմանօրինակ գաղափարների կայացումը:
«Բենիկ Պետրոսյանի տոհմը այսօր էլ իր արտահայտչամիջոցներով, մշակույթով առանձնանում է մայրաքաղաքի մշակութային կյանքում և դրա դրսևորումներից մեկն այս սրահի բացումն է: Իհարկե, վաղուց ժամանակն է Երևանում այսօրինակ փոքրիկ սրահներ ունենալը, և ուրախությամբ պետք է արձանագրենք, որ այսօր այդպիսիք արդեն կան: Նման նախաձեռնություններով յուրաքանչյուր արվեստագետ ստեղծում է նաև ինքնադրսևորման իր անկյունը, պարբերաբար փոփոխում է իր ստեղծագործությունները, որոնք, կարծում եմ, իրենց հմայքն են հաղորդում ցանկացած քաղաքի և, անշուշտ, հարստացնում են մշակութային մթնոլորտը: Երևանի քաղաքապետարանն, անշուշտ, խրախուսում է այսօրինակ նախաձեռնություններն ու պատրաստակամ է աջակցել»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Ցուցասրահում ներկայացված աշխատանքները դիտելուց հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել ցուցասրահի պատվավոր այցելուների համար նախատեսված մատյանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն