Զարմանալի զուգադիպությամբ այսօրվա թարգմանությանս նյութը մի հայ երեխայի մասին է, որի ծնողներին թուրքերը գոմում այրել են, բայց նրանք հասցնում են նրան մինչ այրվելը դուրս գցել պատի մեջ փորված ջրատար անցքից։ Երեխային տեսնում և վերցնում է քուրդ մի կին, պահում է մի քանի ամիս, որից հետո վախենալով թուրքերի հաշվեհարդարից տանում կորցնում է նրան սահմանի վրա, գետի ափին։ Գետի մյուս ափից Հայաստանի սահմանին կանգնած ռուս սահմանապահները լացի ձայն են լսում և հեռադիտակով տեսնում են երեխային նստած գետի եզերքին լալիս։
Նրանց մեջ մի խիզախ ռուս սահմանապահ է լինում, որն անցնում է գետը չվախենալով թուրքի գնդակից և երեխային տեղափոխում է այս ափ։ Երեխան ապրում է նրանց հետ, նրան անվանում են գնդի որդի, և նրա մասին հատկապես հոգ է տանում գնդի ռուս տղամարդ խոհարարը։ Սակայն, երբ Ռուսաստանում հեղափոխություն է սկսվում, հրաման է գալիս Մոսկվայից, որ ռուսական զորքը պետք է լքի Գյումրին և տեղափոխվի Ռուսաստան։ Ռուս խոհարարը, որպեսզի վստահ լինի, որ երեխան անվտանգ կլինի, հանձնում է նրան Պոլիգոնների որբանոց։ Երեխայի անունը ՍԵՐՅՈԺԱ էր։