|
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Թումանյանը հանկարծ այս տարի մոդայիկ դարձավ: Բայց ոչ թե նրա հանճարեղ գործը կամ գործունեությունը, այլ` անունը:
Այո, այս տարի: Հայփն այս տարի է կատարին հասել, հայփն այս տարի է հեղեղել համացանցը:
Հայ ժողովրդի երբևէ ծնած ամենամեծ և ամենահանճարեղ ու անգերազանցելի դեմքերից մեկը` մեր պատմության մեծագույն պոետն ու մեծագույն հումանիստը մեռավ հիվանդությունից` գրեթե աղքատության մեջ և բուժման երկար ձգձգումների արդյունքում, որ հետևանք էին բուժման համար դրամ չունենալու: Մի հսկա ժողովուրդ անտեր թողեց իր հոգևոր հորը, իր հոգևոր ծնողին:

Թումանյանի մահվանից քիչ անց ոչնչացվեցին նրա վերապրած որդիները ու էլի հայ ժողովուրդը ոչինչ չարեց որ դա տեղի չունենա:
Մահվանից հետո էլ թաղվելով Թբիլիսում, որտեղ իր գերեզմանը հրաշքով վերապրեց Բերիայի իշխանության ստալինյան շրջանի հայկական Խոջիվանքի գերեզմանոցի ոչնչացումը, երբեք չարժանացավ Հայաստանի ո´չ խորհրդային իշխանությունների և ոչ էլ հետխորհրդային նեոբոլշևիկների որևէ ռեժիմի կամ ժողովրդի ուշադրությանը: Ոչ մեկի մտքով մինչ այժմ չի անցել մեծագույն հայի աճյունը և գերեզմանը Հայաստան տեղափոխել: Ոչ ոք այդ մասին անգամ չի էլ երբևէ մտորել:
Հայ ժողովուրդն այդպես էր և այդպես է վերաբերվում իր մեծագույն զավակին, իր մշակութային հայրերից ամենաբացառիկներից մեկին:
Հայ ժողովուրդն անգամ չի կարդում նրան: Այսօր մոդա է Թումանյանի անունը հնչեցնելը: Նրա հուշարձանի շուրջ չեղած բանակի չորս զինված ծաղրածու կկանգնեցնեն, մնացած օրերին` նույն հուշարձանի վրա սքեյթ կքշեն, հիփ-հոփ կլսեն և խորը ու ժամերով կքսմսվեն իրար, խորը ու ժամերով կհամբուրվեն: Նույն այդ արձանի պատվանդանին:
Եվ Թումանյանը լավ գիտեր իր ժողովրդին:
Իսահակյանին գրված իր նամակում, ինչպես նաև այլ գրություններում Թումանյանը մերկացնում էր իր ժամանակի (ինչպես նաև մեր ժամանակի) ժողովրդի ողջ մտավոր ու հոգևոր սնանկությունը, անբարո էությունը և նյութապաշտությունն ու հայրենուրացությունը:
Եվ գուցե նաև դա էր պատճառը, որ Թումանյանը շատ երիտասարդ մահացավ: Մահացավ` ցավը սրտում, հոգին անհանգիստ, սեփական ժողովրդից վիրավորանքը` հոգում:
Թումանյանը շատ էր այս ամբոխի համար: Հենց այդ պատճառով էլ այսօր չկան թումանյաններ և չեն լինելու այլևս թումանյաններ:Ամբոխն էլ չի լինելու:
Կան, լինելու են և շատանալու են փաշինյանները, շիրինյանները և այլք»:
|