«Նշված հանցագործության հետևանքով նշված հանցագործությունը պետք է իրականացվեր Հայաստանի հանրապետության համապատասխան մարմնի կողմից և ենթադրյալ կասկածյալը, որին պետք է մեղադրանք առաջադրվեր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու հատկանիշներով և պետք է քրեական պատասխանության ենթարկվեր Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ակնհայտ է, որ արծածվող հարցը կարգավորված է Հայաստանի հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995-97 թվականներին կնքված ՀՀ տարածքում Ռուսաստանի բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության փոխադարձ իրավական օգնության համար հարցերի մասին համաձայնագրով: Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանի ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանվել են այն բացառությունները, որոնց դեպքում նախաքննությունը պետք է վարվի ՌԴ համապատասխան մարմինների կողմից: Իսկ բացառություններից որևէ մեկով Գյումրիի ողբերգության դեպքն առկա չէ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավական տեսանկյունից պարզաբանումներ ներկայացնելով ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այս գործում ավարտվել է իրավաբանությունը և սկսվել է քաղաքական որոշման արդյունքում իրավական սպեկուլյացիայի փուլը, որի մեկնարկը տրվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից արված հայտնի հայտարարությամբ:
Փաստաբանն այս հայտարարությունն անընդունելի է համարում.
«Առանձնացնեմ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին արված հղումը, որի համաձայն ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետությանը: Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության՝ ՀՀ Քրեական օրենսգրքով: ՀՀ տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը սկսվել, շարունակվել կամ ավարտվել է ՀՀ տարածքում: Հարց.ի՞նչ կապ ունի և ի՞նչ լիազորություն՝ անկախ, ինքնիշխան ՀՀ տարածքում ՌԴ Սահմանադրությունն ու նրա 61-րդ հոդվածը: Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները մինչև ատամները զինված շրջում ՀՀ տարածք հանդիսացող Գյումրի քաղաքում: Ո՞ր իրավական հիմքով է հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերվելուց հետո տեղափոխվել ռուսական բազա»,-ասաց նա:
Մանրամասները՝ henaran.am-ի տեսանյութում