Վարչապետն այստեղ անելիք չունի, այդտեղ անելիքը դատական իշխանության հարթության մեջ է: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, դատարնի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասել էր, որ կկարդան ՍԴ-ի որոշումը, ըստ այդմ՝ կհասկանան, թե ինչ պետք է անել:
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ որոշում է, ՍԴ-ն իր որոշումով ևս մեկ անգամ փաստում է, որ 300.1 հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ», - նշեց Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Մարտի մեկին առնչվող տեսանյութերով հստակ երևում է՝ ով է բախումներ հրահրում, ում հոգին էր փառավորվում, երբ ոստիկանների ձեռքից պարագաներ էին վերցնում։
Հարցին, թե օրինակ Չերյոմուխայից զոհված քաղաքացիների մահն ի՞նչ կապ ունի զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրվող ընդդիմադիրների հետ, նա պատասխանեց.
«Այդ հարցերը կարող եք տալ արդեն ոստիկանական զորքերին և դատական համակարգին: Եթե ասում ենք, որ Չերյոմուխայից զոհեր կան, ոստիկանական զորքերը հենց այնպես վերցրեցին ու խաղաղ բնակչության նկատմամբ Չերյոմուխա կրակեցի՞ն: Պատասխանատվությունը կրում են նրանք, որոնք հրահրել են և որոնք կրակել են: Ես ո՛չ հրաման եմ տվել կրակելու, ո՛չ զորք եմ հանել: Զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ ՀՀ կարևոր օբյեկտների պահպանության շրջանակներում կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի օրենքի համաձայն, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից»:
Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանն այս գործով դատապարտվել է ու այդ դատապարտման հոդվածը մինչ օրս չի հերքվել։


