▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության զորքերը ստանձնում են ՀՀ ԶՈՒ-երին աջակցություն ցուցաբերելու կարևոր առաքելություն. Նիկոլ Փաշինյան

 

 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:

Image may contain: 1 person, standing, suit and outdoor

Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. 

«Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունների մեջ: Ոստիկանության զորքերն այսօր շատ կարևոր առաքելություն են ստանձնում, և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետության բանակին, զինված ուժերին աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության գործում:

Կարծում եմ, որ սա պատմական մի շրջան է ոչ միայն ոստիկանության զորքերի, այլև ոստիկանության համար, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանությանը, ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի: Թող ասածս տարօրինակ չթվա, որովհետև հարազատ է համարվում այն մարդը, ում քաղաքացին առաջին հերթին դիմում է դժվարության պահին՝ հայտնվելով ծանր իրավիճակում: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ոստիկանությանն ընկալեն հենց այդպես, ընկալեն, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և ոստիկանության զորքերը պաշտպանում են, պահպանում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի պետականության, Սահմանադրության, օրինականության անվտանգությունը: Եվ այսօր տեղի ունեցողը հենց առաջին հերթին նպաստելու է ոստիկանության և ոստիկանության զորքերի այդպիսի ընկալմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ և հպարտությամբ ստանձնել են այս պարտականությունը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության ողջ համակարգին այս պատրաստակամության համար, այս հայրենասիրական քայլի համար, այս խիզախումի համար, և վստահ եմ, որ ոստիկանության զորքերն իրենց վրա դրված այս պատասխանատու պարտականությունը կատարելու են բարձր մակարդակով, յուրաքանչյուր հերթապահությունից հետո հպարտությամբ ու բաց ճակատով վերադառնալու են իրենց ընտանիքներ:

Image may contain: one or more people and outdoor

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերի ծառայողների ընտանիքների անդամներին, նրանց կանանց և ծնողներին, նրանց երեխաներին, ովքեր, համոզված եմ, սիրով և հպարտությամբ են իրենց զավակներին, ամուսիններին, հայրերին ճանապարհում այս ծառայությանը:

Սիրելի բարեկամներ, սիրելի եղբայրներ, ես ձեզ բարի, անփորձանք և հաղթական ծառայություն եմ մաղթում և համոզված եմ, որ դուք այդ ծառայությունը կիրականացնեք պատվով և հաղթական: 

Եվ ուրեմն, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցցե′ն Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը և կեցցե′ հայ ժողովուրդը»:

 

Կարդացեք նաև՝ Ոստիկանության զորքերն այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին