ՀՀ ոստիկանությունը ստացել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին սպառնալու մասին գրությունը և բոլոր անհրաժեշտ և համապատասխան միջոցառումներն ու գործողությունները ձեռնարկել է:
ԳԱԼԱ-ն է գրում այս մասին, որի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այն հարցին, թե լրագրողը հարցաքննվե՞լ է, կամ արդեն ուսումասիրություն կատարվում է արդյո՞ք բջջային հեռախոսի ձայնագրության մասով՝ պարզելու քաղաքացու ով լինելը, ասել է. «Չեմ կարծում, որ դա խիստ հետաքրքրում է. ես կրկնում եմ' բոլոր անհրաժեշտ գործողություններն ու միջոցառումները ձեռնարկել է ոստիկանությունը: Այո´, հաղորդում ընդունվել է մեզ մոտ, ներկայումս համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են այդ հարցով:
Աշոտ Ահարոնյանը փոխանցել է նաև, որ Անի Հովհաննիսյանի, ինչպես նաև՝ նրա ընտանիքի անդամների անվտանգության հարցը ոստիկանությունը քննարկել է և ապահովում է:
Անի Հովհաննիսյանը օրեր առաջ մասնակից էր եղել մի միջադեպի, ուր ներկա և մասնակից էր նաև «Դոգ» մականունով ՀՀ ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանը, ով ՀՀ ոստիկանապետի հրամանով հեռացվեց աշխատանքից: