Նոյեմբերի 22-ին, Երկրի ուղեծիր արձակվեցին Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA – European Space Agency) Swarm համակարգի առաջին երեք արբանյակները: Swarm համակարգի առաքելությունն է բացահայտել մեր մոլորակի ամենաառեղծվածային ասպեկտներից մեկը՝ մագնիսական դաշտը։
Թեև Երկրի մագնիսական դաշտը և էլեկտրական հոսանքներն անտեսանելի են, դրանք Երկրի ներսում և Երկրի շուրջ առաջացնում են համալիր ուժեր, որոնք մեր առօրյա կյանքում կարևոր ազդեցություն ունեն: Երկրի մագնիսական դաշտը կարելի է դիտել իբրև մի հսկայական թաղանթ, որը պաշտպանում է մեզ տիեզերական ճառագայթումից և լիցքավորված մասնիկներից, որոնք ռմբակոծում են Երկիրը «արեգակնային քամիների» տեսքով:
Ինչպես գիտենք, առանց այս պաշտպանիչ վահանի մթնոլորտը չէր կարող գոյություն ունենալ, փաստացի անհնար դարձնելով կյանքը Երկրի վրա։ Ուժեղ արեգակնային փոթորիկները կարող են առաջացնել էներգիայի և կապի խափանում, ինչպես նաև վնասել Երկիրն ուղեծրող արբանյակները: Թե ինչ է տեղի ունենում, երբ վերին մթնոլորտում լիցքավորված մասնիկները բախվում են ատոմներին և մոլեկուլներին, ակնառու երևում է բևեռային երկնքում լուսավոր կանաչ լույսի ալիքների` բևեռափայլերի, տեսքով: Երկրի մագնիսական դաշտը գտնվում է մշտական շարժման մեջ։ Մագնիսական հյուսիսային բևեռը «թափառում է», և բևեռայնությունը շրջվում է մի քանի հարյուր հազար տարին մեկ, այնպես, որ կողմնացույցն այդ դեպքում հյուսիսի փոխարեն հարավը ցույց կտա: Մագնիսական դաշտի ուժը անընդհատ փոփոխվում է և այն ներկայումս զգալի նվազման նշաններ է ցուցաբերում։
Swarm-ը ԵՏԳ արբանյակների առաջին համաստեղությունն է, որ ընդլայնում է մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է Երկիրը գործում: Օգտագործելով Եվրոպական և Կանադական բարձրագույն տեխնոլոգիաները, Swarm երեք արբանյակները կչափեն ճշգրիտ մագնիսական ազդանշանները, որոնք գալիս են Երկրի միջուկից, մանթիայից, կեղևից և օվկիանոսներից, ինչպես նաև նրա իոնոլորտից և մագնիսոլորտից: Վերլուծելով դիտարկվող դաշտի տարբեր բնութագրերը, այս առաքելությունը կհանգեցնի բազում բնական գործընթացների մասին նոր պատկերացումների:
Իր հերթին, այդ տեղեկատվությունը ավելի լավ պատկերացումներ կստեղծի այն մասին, թե ինչու է մագնիսական դաշտը թուլանում:
Առաքելության արդյունքում ստացված երկրամագնիսական դաշտի մոդելները նոր հայացք կտրամադրեն Երկրի ընդերքի վերաբերյալ: Այս տվյալները, ուղեծրային արբանյակների շուրջը կատարվող մթնոլորտային պայմանների չափումների հետ միասին, կշարունակեն ուսումնասիրությունները Երկրի թուլացող մագնիսական վահանի, տիեզերական եղանակի և ռադիացիոն վտանգների վերաբերյալ։ Swarm երեք արբանյակների հետագա չափումները նաև պիտանի կլինեն մի շարք այլ կիրառական ծրագրերի համար։ Օրինակ, այս տվյալները կդրվեն գործնական օգտագործման` նպաստելով բարելավել նավարկային համակարգերի ճշգրտությունը, երկրաշարժերի կանխատեսումները և բնական ռեսուրսների հորատման արդյունավետությունը:
Հայկական աստղագիտական ընկերություն