▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է իրականում Գյումրիում բախումների հետևանքով ձերբակալված երիտասարդը

Կարդացի լուրերում՝ Գյումրիում բախումների հետեւանքով ձերբակալվել է Սառնաղբյուրցի երիտասարդ Մնացական Ալեքսանյանը: Սառնաղբյոււրը մորս գյուղն է, Մնացական անունը սակայն հիշողությանս մթագնած ծալքերում ոչինչ չարթնացրեց, լուրը ճախրեց ու փոշիացավ առօրյա հոգսերում:

Եկա մորս հետեւից, դուռը բացեց ու առանց բարեւի վրա բերեց

-Տղաս, Սերժը Ապիկին է բռնել:

Ապիկ. հիշողությունս արթնացավ, ծառս եկավ, արագ փնտրեց գտավ առավոտյան լուրը, տարավ կապեց հեռու հեռվում վառվող աչքերով պատանյակի հետ: Բոլորս Ապիկ էինք ասում նրան, մորս մորաքրոջ թոռն էր՝ Մարտիրոսի (Մռդոյի) տղան:

Մռդոն ու Արգամը երկու եղբայր էին, Արցախյան պատերազմի հենց սկզբից զենք վերցրեցին ու գնացին հայրենիքը պաշտպանելու: Սառնաղբյուրում էին ծնվել մեծացել, արմատներով Սառնաղբյուրցիները Մշեցիներ են, Արցախի տեղն էլ չգիտեյին վստահաբար, բայց հոգին կանչեց ու տղերքը գնացին: Արգամը վառվռուն աչքեր ուներ, Ապիկը նրան է նման, ավելի շատ հորեղբորը նմանվեց քան հորը: Արգամը նոր էր եկել բանակից, թարմ փորձ ուներ, տարավ, որ կիրառի Արցախում:

Ծատ արագ աչքի ընկավ Արգամը, հրամանտար էր, կռիվներում առաջինն էր, հաճախ էր վիրավորվում, հետ էին ուղարկում ապաքինվելու, ապաքինվում էր ու նորից ետ կռիվ, սիրում էին նրան, սիրում էին իր զինվորները, սիրում էր Արցախը:

Վերջին վերքը ծնկին էր, քայլել չէր կարողանում, ուղարկեցին ետ այեւս կարգադրելով ետ չգալ, չհասցրեց, հրադադարը ավելի արագ եկավ քան ապաքինումը:

Արգամը զենքին հավատում էր, հետը բերել էր մի քանի միավոր զենք, պահել էր հորական տանը, չգիտեր ինչ կլիներ, ուզում էր զինված լինել:

Մեծ եղբայր Մռդոն սիրահարվել էր Հադրութցի մի աղջկա, դեռ կռիվ էր, երբ գնացին հարսին բերեն, Արգամը խնդրեց, ռազմական ուղաթիռով հարս ու փեսա Արցախից դուրս եկան: Հետագայում նրանց մայրը՝, տատուս քույրը կատակի էր տալու, թե Ամերիկայից ավելի հեշտ հարս կբերվեր, քան Արցախից: Հազար հարսեր կային Հայաստանում, Մռդոն սիրեց հենց այս մեկին, իր ու իր եղբոր ազատած Հադրութի աղջկան:

Ա՜խ, համառ Արցախցու ու ծուռ Մշեցու զավակ է Ապիկը:

Արգամը զենքը խորն էր պահել, մոռացել էր զենքի մասին, չէր ուզում հիշել, գիտեր որ կա, ու երազում էր, որ օգտագործելու առիթ այլեւս երբեք չունենա:

Հրադադար էր, խաղաղություն, կյանքը փորձում որ սրընթաց ու սահանքախիտ գետից վերածվել դանդաղահոս ու լայնահունի:

Մռդոն որոշեց մտնի ոստիկանություն, ընկեր ուներ, առաջարկել էր աշխատանք, մտավ, վեց ամիս էլ չհասցրեց աշխատել, մատնել էին, որ նրանց տանը զենք է պահվում, բռնեցին Մռդոյին, 6 տարի ազատազրկում էր սպառնում, Արգամն առաջ ընկավ, ինչպես մարտի դաշտում էր առաջ ընկնում իր զինվորներից, ու առաջինը վիրավորվում: Որոշեց ողջ մեղքն իր վրա վերցնի, Ապիկն արդեն ծնվել էր, խղճաց եղբորը, ինքն անընտանիք, եղբայրը բնավորված ու արդեն ձագուկով: Զենքը խլեցին եւ Արգամը 2 տարի նստեց, իշխանությունը շատ դաժան չգտնվեց, հաշվի առան Արցախյան պատերազմում ներդրած ավանդը: Վերքեր տարիների դիմաց: Դառը սակարկություն:

Նստեց, անառողջ էր, ծունկը չէր ապաքինվում, ելավ բանտից, փորձեց կյաք ստեղծի, սիրահարվեց, սիրեց ու ամուսնացավ, աշխատում էր, փորձում ապրել: Ոչ մեկից երբեք ոչինչ չուզեց, երբեք որեւէ մեկը նրանից հարցազրույց չվերցրեց, որեւէ մեկը ազատամարտիկ չանվանեց: Ամոթ էր համարում ազատամարտիկ բառը: Երբեմն Մռդոն թուլանում էր հոգեպես, ուզում էր, որ իրենց ճանաչեյին, իմանային բայց Արգամը երբեք չընկրեց, փոքրն էր, բայց մեծից մեծ էր: Փոքրն էր բայց հրամանատարն էր:

Ես արդեն Կանադայում էի, մի օր մայրս զանգեց՝ «գիտես Արգամը երեկ մահացավ»: Լռեցինք մի փոքր, գիտեյի որ ոտքն էր, փտախտ էր սկսվել, հետո էլ ավելի բարդացել, քաղցկեղ էր առաջացել, գիտեյի որ շատ չի մնացել: Վերջը հենց այդ ծունկն էլ գերեզման քաշեց: Տուն չուներ, ապրում էր Զեյթունի հանրակացարանում, փող չուներ: Ոչ ոք երբեք փող չհավաքեց անօթեւան հրամանատարի համար, ոչ ոք երբեք չիմացավ նրա անունը, անանուն հերոսը ելավ Մշո դաշտերից, վաղորդյան ցողի պես առավոտ բերեց Արցախին, ու մշուշի պես էլ հեռացավ:

Կինը շատ էր սիրում Արգամին, երեխա չունեյին, կարող էր եւ լքեր նրան, մանավանդ վերջին տարիներին Արգամը գամված էր անկողնին եւ պարզ էր որ այլեւս կյանքի հույս չկար: Չլքեց, գյուղացիներն ասում են աղջիկը իր ձեռքերով փորեց Արգամի գերեզմանը: Պոետները գլամուր թեյարաններում, օփիումի ծխի ամպերի մեջ ու բարձրաշխարհիկ հասարակության այլասերված սփռոցների արանքներում են որոնում բացառիկ սիրո օրինակները: Իսկ նրանք ամեն օր դանդաղ ու լուռ մեռնում են մեր կողքին:

Ապիկը հորեղբորն էր նման՝ աչքերը կրակ ու հոգին ըմբոստ: Կարդացի ապօրինի զենքանման իր էին գտել նրա մոտ: Հորեղբոր նման, զենքը վայր չդնելու համար կնստի վստահաբար: Չգիտեմ մեղավոր է տղան թե չէ: Ուղղակի Աբգարին եմ հիշել այսօր ու թե ինչպես էր նա կռվի մասին տված հարցերիս պատասխանում

-Վահիկ ջան, մահը մեռնողներին թող, դու ապրի:

Վահե Իրի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին