▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև․ Փաշինյան

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օրերս Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին:

«Առաջին պատճառն այն է, որ մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվցել ենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, ինչպես նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է մի պարզ բան, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունըճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը եւ Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը: Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ խորհրդային միությունը փլուզվեց, պետությունները իրենք իրենց տարաածքներով ձեռք են բերում անկախություն եւ ադմինիստրատիվ սահմանները խորհրդային պետությունների միջեւ եղած դառնում են պետական սահմաններ»,- ասաց նա:

 Փաշինյանը հավելում է, որ սա  նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով:

«Այս պայմանավորվածությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արձանագրվել են եւ 2022 թվականի հոլտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման եւ արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, եւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ: Ինչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետեւ այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով ուղիղ հակասում է այս տրամաբանությանը եւ այս պայմանավորվածությանը: Չնայած, որ Ադրբեջանում նախընտրական շրջանն է, սա շատ կարեւոր նրբություն է, որը պետք է պարզաբանվի, ես կարծում եմ, որ որ այս հայտարարությունների պրակտիկ քաղաքական իմաստը պետք է պարզաբանվի»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով` Ադրբեջանից ասում են, որ մենք հասանք նրան, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ արձանագրվի նաև «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ–ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։

«2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրված։ Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ–ն ՀՀ–ի որևէ տարածքում կոմունիկացիայի որևէ անվտանգություն պետք է ապահովի։ Էլ չեմ ասում, որ երեք տարի է` Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթ է զարգացնում` հղում անելով եռակողմ հայտարարությանը։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»,– հայտարարել է Փաշինյանը։

Թարմացված․ Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի, հիշեցնում է ՀՀ վարչապետը:

«Մենք ասո՞ւմ ենք, որ Արծվաշենը պետք է վերադառնա, այո, ասում ենք: Բայց նաև հետևյալ հարցը կա: Ենթադրենք, քաղաքական պայմանավորվածությունը ձեռք բերվեց, ընդ որում` արդեն ձեռք է բերվել: Կա 2 տարբերակ` ունենք սահմանի գիծ և դրանից այնկողմ գտնվող էքսկլավը պետք է վերադառնա ՀՀ-ի իրավազորության ներքո: Բայց պրակտիկ դա անելու համար ի՞նչ է պետք: Պետք է հասկանալ` էդ էքսկլավի սահմանը որտե՞ղ ա գտնվում, պետք է կոնկրետացնել` ինչքա՞նն ա Արծվաշենը: Ընդեղ հո գծած չի հողի վրա` Էս Արծվաշենն ա, էս Արծվենը չի: Որպեսզի ճշգրտենք, պետք է իրավական հիմքերով ապահովված քարտեզը վերարտադրենք, որից հետո արդեն քաղաքական պայմանավորվածությունը պետք է տեղի ունենա»,- Գավառում ՔՊ նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Թարմացված․ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։

«Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերն Ալմաթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ասում ենք՝ եկեք սահմանային շրջաններն ապառազմականացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով` սա, իհարկե, նոր բան է:

Թարմացված․ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարցեր, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարց, որոնց կենսական նշանակության տարածքները բռնազավթված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Գավառում այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Մենք ասում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է գոյություն ունենան։ Հետևաբար, երբ պարզվի, որ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ է իր վերահսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, ՀՀ-ն պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են ՀՀ-ին, սակայն Ադրբեջանն է պահում իր վերահսկողության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Նման քաղաքական պայմանավորվածություն կա, սա գործնականում իրականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխհամաձայնեցված քարտեզի»,- ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին