«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ հազարավոր զոհվածներից մեկի ընտանիքի հետ... 3 մանկահասակ հրաշք բալիկներ (9 տարեկան, 6 և 4 տարեկան) և ընդամենը 33 տարեկան արդեն այրիացած կին... Իմ կյանքի եզակի դեպքերից էր, երբ ես չէի կարողանում արցունքներս զսպել, երբ նայում էի այդ հրաշք փոքրիկներին, իրենց լուսավոր հայացքներին, գեղեցիկ դեմքերին, հասկանում էի, որ չի կարելի ցույց տալ արցունքներ, հուզմունք, քանի որ միայնակ մնացած երիտասարդ կնոջն անմարդկային ուժեր են պետք վիշտը հաղթահարելու և երեխաներին մեծացնելու համար, գոնե այդ ուժը մենք պետք է տանք...
Փոքրիկները մոր հետ բնակվում են վարձով, մայրը մինչ ամուսնուն կորցնելը երբեք չի աշխատել, հիմա ստիպված աշխատում է, որպեսզի ապահովվի երեխաներին, կտրականապես դեմ է, որ ինչ-որ դրամահավաքներ լինեն իր ընտանիքին օգնելու համար... Արցունքն աչքերին ասում է՝ մենք մուրացկան չենք և չենք դառնա... Պաշտպանության նախարարությունն ասել է, թե փոխհատուցման տրամադրումն ընթացքի մեջ է, բայց չգիտեն, թե երբ կլինի, սպասում է, որ գոնե կարողանա բնակարանի հարցը լուծել... ՀՀ պաշտպանության նախարարություն, ինչո՞ւ այս ընտանիքին չի տրամադրվում իրենց հասանելիք փոխհատուցումը...
Նիկոլ Փաշինյա՛ն, դու ո՞նց ես ապրում, հաց ուտում, քնում...»։


