▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովի գործի վերաբերյալ վեճերն արդեն անառողջ զարգացումներ են ունենում. Արա Զոհրաբյան

Կարծիք

Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետ կապված

1. Նախաբանի փոխարեն

Գյումրի քաղաքում ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացու սպանության և մեկ քաղաքացու սպանության փորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի, այդ անձին արգելանքի տակ պահող մարմնի և նախաքննության կատարման մարմնի իրավասությունների վերաբերյալ վեճերն արդեն անառողջ զարգացումներ են ունենում։ 
Ստորև ներկայացնում եմ իմ կարծիքը, որպես՝ փաստաբան։

2. Վեճի առարկան

Հայկական կողմը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանում հանցագործություն կատարած անձը պատասխանատվության ենթարկվի Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։
Ռուսական կողմը ձգտում է հասնել նրան, որ իր քաղաքացուն պատասխանատվության ենթարկի ՌԴ օրենքների համաձայն և նրան Հայաստանին չհանձնի։
29.08.1997թ. համաձայնագրի 5-րդ հոդվածից օգտվելով ռուսական կողմը իր դիրքորոշումը պայմանավորում է նաև նրանով, որ իր քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարել մինչև հայկական իրավազորությանը ենթակա հանցագործություն կատարելը։
Ռուսական պաշտոնատար անձինք փաստացի հրաժարվում են հանձնել Պերմյակովին՝ հավանաբար ՌԴ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների ուժով։
Այս գործընթացում առնվազն պարզման են ենթակա հետևյալ հարցերը՝
ա) նախկինում (հատկապես 1999թ. 2 ռուս զինվորների (Դենիս Պոպովի և Ալեքսանդր Կամենևի) կողմից Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով) ինչու է հայկական դատարանը դատապարտել ռուս զինվորներին՝ նաև հայկական օրենքներով, եթե նույնպես առկա էր կոնկրետ հանցագործությանը նախորդող այլ զինվորական հանցագործություն (դասալքություն, որի համար պատժվել են ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածով),
բ) Հայաստանի պետական սահմանը խախտելու նախկին դեպքերում, եղել են արդյո՞ք իրավիճակներ, երբ ռուս սահմանապահները արգելանքի տակ են վերցրել ՌԴ քաղաքացու և նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին.
գ) ստեղծված իրավիճակում Պերմյակովին Հայաստանի իշխանություններին տրամադրելը փոխանցում է, թե՞՝ հանձնում։

3. Կողմերի շահերը վեճի առնչությամբ

Հայկական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած անձի պատասխանատվության ենթարկել Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։
Ռուսական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած իր քաղաքացուն զինվորական հանցագործության համար պատասխանատվության ենթարկել ՌԴ օրենքների համաձայն։

4. Փակուղային իրավիճակի հեռանկարը և ռիսկերը

Ռուսական կողմը չի հանձնում Պերմյակովին, վստահ լինելով, որ դա կատարելով կխախտի իր սահմանադրությունը։
Հայկական կողմն իրավիճակից դուրս գալու համար երկու ճանապարհ ունի՝
ա) դիվանագիտական խողովակով հասնել խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը,
բ) իր երկրի տարածքում գտնվող Պերմյակովին հարկադրանքի ուժով վերցնել արգելանքի տակ։
Իմ կարծիքով հայկական իշխանությունները «ա» (դիվանագիտական) տարբերակով են առաջնորդվում, քանի որ հարկադրանքի ուժով Պերմյակովին վերցնելը կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝
- Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում.
- Ռուսաստանի ռազմաբազաների դուրս բերում Հայաստանից.
- Ռուսաստանում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչների համար դժվարություններ,
- երկու ազգերի միջև ատելության սերմանում։
Իմ կարծիքով ռուսական կողմն էլ պետք է «ա» (դիվանագիտական) տարբերակով առաջնորդվի, քանի որ փոխընդունելի լուծում չգտնելու դեպքում կարող են տեղի ունենալ հետևյալ հետևանքները՝
- Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում.
- Հայաստանը չի համարի իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ.
- երկու ազգերի միջև ատելության սերմանում։
Կարծում եմ, որ երկու երկրների իրավասու մարմինները քննարկում են այս իրավիճակը երրորդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը (այս վարկածի համար հիմնավոր պատճառն այն է, որ Պերմյակովն իր «այցեքարտն» է թողել հանցագործության վայրում, դրանով իսկ տեղեկացնելով, որ այն կատարել է ռուս զինվոր)։

5. Լուծման տարբերակ

Կարծում եմ, որ վերոհիշյալ ռիսկերից խուսափելու համար պետք է այնպիսի լուծում գտնել, որի արդյունքում երկու կողմերի շահերը հաշվի կառնվեն և՝
- հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը չի ոտնահարվի,
- հանցագործություն կատարած անձը կենթարկվի պատասխանատվության, քանի որ հանցագործությունը ոչ ազգ է ճանաչում և ոչ էլ սեռ,
- հայ և ռուս ազգերի բարեկամությունը կշարունակվի։
Այս տեսանկյունից առաջարկվում է վեճը հարթել նոր միջազգային պայմանագրի (կամ 29.08.1997թ. համաձայնագրում լրացում կատարելու մասին համաձայնագրի, այսուհետ՝ Պայմանագիր) կնքումով, որով կողմերը կսահմանեն փոխադարձ ընդունելի օբյեկտիվ կանոններ։
Օրինակ (առաջարկվող նախագիծ)՝

Ա. Պայմանագրի առարկան՝

Պայմանագրով կկարգավորվի ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները՝ կապված Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների հետ։

Բ. Վարույթն իրականացնելը
Կողմերը կարձանագրեն, որ այն դեպքում, երբ կատարվել են մի քանի հանցագործություններ, որոնցից մեկը կամ մի քանիսը մյուս պետության իրավազորության ներքո են գտնվում, ապա հանցագործությունը քննելու են երկու կողմերի քննչական մարմինների համատեղ խումբը, իսկ դատավարական հսկողությունը իրականացնելու է նույն սկզբունքով ձևավորված դատախազների խումբը։
Քննիչների խմբի լիազորությունները՝ հայկական կողմի քննիչներն իրականացնելու են հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները, իսկ ռուսական կողմը՝ ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները։ Արդյունքներն ամփոփվելու է համատեղ։
Դատախազների խմբի լիազորությունները՝ Դատախազների խումբը ձևավորվելու է նույն սկզբունքով։

Դատարանի լիազորությունները՝

Գործը քննվելու է համատեղ ստեղծված դատարանում, հետևյալ կերպ՝
- դատարանը ձևավորվում է կոլեգիալ կազմով՝ մեկ կամ երկու դատավոր հայկական կողմից, մեկ կամ երկու դատավոր ռուսական կողմից.
- հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի հայկական կողմի դատավորները՝ հայկական օրենքների հիման վրա,
- ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի ռուսական կողմի դատավորները՝ ռուսական օրենքների հիման վրա,
- գործի քննությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում,
- վերջնական պատիժը որոշում է դատական կազմը՝ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։
- մեղադրյալն իրավասու է առնվազն մեկ վերադաս ատյանին բողոք ներկայացնել։ Վերադաս ատյանը ձևավորվում է նույն սկզբունքով։
- դատապարտված անձը կրելու է իր պատիժը այն երկրի տարածքում, որտեղ կատարել է առավել ծանր հանցագործությունը։

Փաստաբան՝ Արա Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին