▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին

Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին:

Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում՝ համապատասխան փոփոխություն կատարելով արդեն իսկ գործող որոշման մեջ:

Բանն այն է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները, ըստ օրենքի, սահմանում է կառավարությունը:

Եվ ահա, կառավարությունը որոշել է արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը: Իսկ դրա դիմաց վճարելու է պետությունը, կամ ավելի ճիշտ՝ ՀՀ շարքային հարկատուն:

Իր այս նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն  կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:

Նշենք, որ գործող կարգով պետական ապարատի աշխատակիցներն արդեն իսկ ապահովված էին պետության տրամադրած միջոցներով առողջապահության ծառայություններից օգտվելու, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման ծառայություններ ներառող սոցփաթեթով:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ավելի ուշ հանդես է՝ եկել պարզաբանումով՝ լողավազաններից պաշտոնյաների կանանց ու երեխաների անվճար օգտվելու վերաբերյալ որոշման մասին:

Տեքստին կարող եք ծանոթանալ ստորև. 

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին