▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ամեն ինչ անենք, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը.Հրեական համայնքի ղեկավար

Հունվարի 27-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օր: Այդ օրը խորհրդային զորքերը ազատագրեցին Աուշվից-Բիրքենաու համակենտրոնացման ճամբարի կալանավորներին: Օրը որպես հիշատակի օր է սահմանվել 2005 թվականին, երբ նշվում էր Օսվենցիմի կալանավորների ազատագրման 60-ամյակը: 

«Ես ամուսնացած եմ հայի հետ, երկար տարիներ է՝ ապրում եմ Հայաստանում,երբևէ վատ վերաբերմունք չեմ տեսել նրանց կողմից: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մի փոքր հաջողություն է գրանցվել: Անցած տարի Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնախումբը օգոստոսի 1-ին կայացած քննարկման ժամանակ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, անելիքներ շատ կան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ ասաց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

«Քաղաքական մակարդակում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվում Իսրայելի կողմից: Համոզված եմ, որ շատ քաղաքական գործիչներ շատ հեշտությամբ կարտաբերեին այդ բառը, բայց քանի որ, Իսրայելի արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է Թուրքիայի հետ, այժմ նաև Ադրբեջանի հետ, դժվարանում եմ ապագայում դրական տեղաշարժերի սպասել: Չնայած, կտրուկ փոփոխությունը չի բացառվում»,-նշեց Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի ընդունած համար 60/7 բանաձևը դատապարտում է Հոլոքոսթի ժխտումը և կոչ է անում բոլոր երկրներին հարգել Աղետի զոհերի հիշատակը: Ըստ տարբեր տվյալների, Օսվենցիմում զոհվել է 1,5-2 մլն մարդ, որից մոտ 1 միլիոնը հրեաներ էին: Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը բացվել է 1940 թվականին: 1942 թվականին ոչ հեռու կառուցվեց Բիրքենաու ճամբարը, որը հայտնի է նաև որպես Աուշվից-2: 1947 թվականին ճամբարի տեղում թանգարան է կառուցվում:

Հոլոքոստ (The Holocaust — Ողջակիզում), մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Աուշվից-Բիրկենաու ճամբարային համալիրը նացիստական Գերմանիայի կառուցած մահվան ամենախոշոր ու նշանակալից համալիրն էր: 1940թ. հունիսից 1945թ. հունվարն ընկած ժամանակահատվածում գերմանացիներն այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեա են ոչնչացրել:

1945թ. հունվարի 27-ին Խորհրդային Բանակի զորքերն ազատագրեցին Աուշվիցը, որը գտնվում է Կրակովից 70 կիլոմետր հեռավորության վրա: Ֆաշիստական ճամբարներում 6 միլիոն հրեա եւ միլիոնավոր այլ ազգությունների մարդիկ են ոչնչացվել: Մազապուրծ եղած պատանդների վկայությամբ, այդ ճամբարներում մարդկանց հանդեպ բարբարոսական «փորձեր» էին կատարվում: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Հոլոքոստի հիշողության ազդեցության ներքո, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին