▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինին ասել է, որ ՀՀ իրավապահները շարունակելու են Գյումրու դեպքի լիարժեք բացահայտմանն ուղղված գործողությունները

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն շարունակելու են դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կարևորել են այս հարցում երկու երկրների իրավապահ մարմինների առավելագույն սերտ համագործակցությունը:

ՌԴ Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս լավագույն բժիշկների ջանքերի արդյունքում Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ անդամը՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը, կապաքինվի։

Վլադիմիր Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկելու՝ երեխայի հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան Մոսկվա տեղափոխելու համար։

Նախագահներ Սարգսյանը և Պուտինը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին