▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողոցը և ընդդիմությունը

Վերջին շրջանում Հայաստանում կրկին ակտիվացել է փողոցում, հրապարակներում քաղաքականություն վարելու միտումը: Դա, թերևս, ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ (անձնավորված) պատճառները, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ փողոցում վարվող քաղաքականության մասին: Կամ քաղաքականության մեջ փողոցի դերի մասին:

Ո՞րն է փողոցում տարվող քաղաքականության նախատիպը. թատրո՞նը, հռետորների հրապարակային ելույթնե՞րը, քրմերի պատումնե՞րը...

Իրակա՞ն է արդյոք փողոցային քաղաքականությունը, թե՞ միֆ... Կարելի է ասել, որ այն միֆ է, որը փորձում են դարձնել իրականություն: Թեպետ հակառակը նույնպես տեղ ունի. փողոցում տարվող քաղաքականությունն իրական է, սակայն այնքան միֆականազված, որ նախևառաջ ոչ թե իրականացվելու խնդիր ունի, այլ միֆազերծվելու, որպեսզի հրապարակում հավաքված մարդիկ իմանան, թե ինչ կարող է անել փողոցային քաղաքականությունը և ինչ չի կարող, իրագործման ինչ մեխանիզմներ ունի այն և ինչ ձևեր (դրանք իրականում սահմանափակ են): 

Հետո, պետք է իմանալ, որ փողոցում տեղի է ունենում քաղաքական խնդիրների պարզունակացում, պրիմիտիվացում. քաղաքական համակարգի զարգացումը սկսում է ընկալվել որպես իշխանության հեռացում, գաղափարի և նպատակի շուրջ համախմբումն ընկալվում է որպես բանակ, ֆիզիկական ուժ դառնալու անհրաժեշտություն և այլն:

Երկրորդ. փողոցում փոխվում են քաղաքականության նպատակները. որպես ընդդիմություն կայանալու նպատակը փոխվում-դառնում է իշխանություններին հեռացնելու նպատակ, հավաքված մարդկանց ինչ-որ բան ասելու նպատակը փոխվում-դառնում է մարդկանց ինչ-որ գործողությունների դրդելու նպատակ և այլն:

Երրորդ. փողոցում ի հայտ են գալիս նոր ու մեծ ակնկալիքներ, սպասումներ, որոնք ոչ մի բանով արդարացված ու երաշխավորված չեն: Այսինքն, մարդկանց մոտ ձևավորվում է սպասումների մի համակարգ, որն իրականանալու շանսեր գրեթե չունի, գոնե այն տեսքով, որով ձևավորվում է:

Չորրորդ. ժամանակի ընթացքում փողոցային քաղաքականության մեջ քաղաքական բաղադրիչը փոխվում-վերածվում է ֆիզիկական մոբիլիզացիայի: Դա է պատճառը, որ քաղաքական ուժի, լինի դա իշխանական կամ ընդդիմադիր, կշիռը երկրի քաղաքական համակարգում չափվում է նրանով, թե ով որքան մարդ կարող է հավաքել փողոցում:

Բայց ինչի՞ համար մարդ հավաքել փողոցում. փորձենք պատասխանել նաև այս հարցին: Առաջին նպատակը` կոմունիկատիվ. բոլորին միանգամից ինչ-որ բան ասել, քաղաքական մեսիջներ ուղարկել հազարավոր մարդկանց: Սա հասկանալի է, բայց, օրինակ, երբ քաղաքական ուժն ունի տեղեկատվական ռեսուրսներ` հեռուստաընկերություն, մամուլ և այլն, ապա ավելի հեշտ է նրանց այդ նույն բաներն ասել ԶԼՄ-ների միջոցով: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ են մարդկանց հավաքում փողոցում, եթե ոչ ինչ-որ բան ասելու: Այդ դեպքում փողոցում մարդկանց հավաքելու նպատակը ուժի ցուցադրությունն է, ուժի, որը կարող է ինչ-որ բան անել հարկ եղած դեպքում: Արդյո՞ք հրապարակում հավաքված մարդիկ համոզված են, որ ուզում են հանդես գալ որպես ֆիզիկական ուժ, որի դեմ կարող է դուրս գալ զինված բանակը և ոստիկանությունը: Երևի թե հրապարակում հավաքվող մարդկանցից ոչ բոլորն են գիտակցում, որ ամեն վայրկյան կարող են ենթարկվել նման փորձության:

Այլ կերպ ասած` փողոցը քաղաքականության մահն է, որովհետև փողոցի դերը քաղաքականության մեջ գերագնահատված է, նույնիսկ ավելի վատ` միֆականացված է: Քաղաքականությունը անհնարի արվեստ է և քաղաքականությունը պայմանավորվելու արվեստ է: Քաղաքականությունը իշխանության հետ իշխանության պատկերացումներով անհնար բաների մասին պայմանավորվելու արվեստ է:

Շարունակելի

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին