Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պոչատարի վթարի կապակցությամբ նորից ակտիվացան խոսակցությունները, թե ինչպե՞ս են Ամուլսարում կառավարվելու ռիսկերը, եթե օրինակ Զանգեզուրի (Քաջարանի) հանքում նման դեպքեր են լինում: Այս առիթով հարցեր ուղղեցինք Լիդիան Արմենիայի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանին:
- Այդ խոսակցությունները ինձ հիշեցնում են հայտնի «ոջիլի» անեկդոտը: Որտեղ ինչ պատահի, վերջում Ամուլսարը պիտի հիշեն: Վաղը մեկ ուրիշ գործող հանքում էլ անհրաժեշտ միջոցառումների բացակայության պատճառով կարող է վթար լինել, էլի Ամուլսարից են խոսելու: Փոխանակ այսօր խոսեն գործող հանքերում կանխարգելման միջոցառումների, համապատասխան բնապահպանական ծախսերի անհրաժեշտության մասին, խոսում են դեռեւս չգործող Ամուլսարում տեսական, ենթադրյալ ռիսկերի մասին: Սկսում եմ մտածել, որ սա միտումնավոր է արվում:
- Անեկդոտի ակնարկը հասկանալի է, բայց համեմատելու եզրեր միթե չկա՞ն:
- Ուղիղ համեմատության եզրեր չկան, նախ՝ այն պարզ պատճառով, որ Ամուլսարում պոչամբար չի լինելու եւ նման դեպք չի կարող լինել, նույնիսկ տեսականորեն:
Իհարկե, ցանկացած արտադրական պրոցեսում կարող են պատահել վթարներ, բայց չի կարելի մի հանքում տեղի ունեցած վթարի հետեւանքով եզրակացություններ անել մեկ այլ հանքի վերաբերյալ: Մոտավորապես նույնն է, որ օրինակ x տեսակի ինքնաթիռի վթարից հետո խոսվի y տեսակի՝ ավելի նոր ինքնաթիռների թռիչքը արգելելու մասին:
- Այնուամենայնիվ, ամեն նման միջադեպի արդյունքում հարց է ծագում. ո՞րն է երաշխիքը, որ դա չի կրկնվի այլ հանքում: Ամուլսարում պոչամբար չկա, բայց այլ ռիսկերի կառավարման երաշխիքը ո՞րն է:
- Տարբեր մարդիկ զուգահեռներ են սկսում տանել վթարների դեպքում: Բայց զարգացած աշխարհում հարյուրավոր հանքեր էլ տասնամյակներով անվտանգ աշխատում են: Ուրեմն ո՞րն է այդ երաշխիքը: Երաշխիքը այն է, թե ինչպե՞ս է տվյալ ընկերությունը գնահատել ռիսկերը, ի՞նչ հետազոտություններ է արել, ինչ մասնագետներ է ներգրավել, որքան գումար է ծախսել կանխարգելման միջոցառումների վրա: Թող այսօր համեմատություններ տանող անձիք հանրության հանդեպ ազնիվ լինեն ու դա էլ համեմատեն: Լիդիանի կողմից Ամուլսարի հանքի նախագծումը լավագույն բնապահպանական միջոցառումներով մի քանի տասնյակ միլիոն դոլար է արժեցել: Թող դա՛ համեմատեն մյուս հանքերի հետ: Ռիսկերի մանրամասն գնահատումը եւ կանխարգելման միջոցառումների նախագծումը մի քանի հազար էջ է կազմում: Հայաստանի գործող հանքերում դա լավագույն դեպքում մի քանի հարյուր էջ է: Սա է հավասարակշռված եւ ազնիվ համեմատությունը ու նաեւ՝ երաշխիքի ապացույցը: Մնացածը՝ մանիպուլյացիաներ են:
Աղբյուրը՝ Mediamax.am