hetq.am-ը հղում կատարելով բրիտանական «Ռոյթերս» գործակալությանը գրում է, որ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել է 19 անձի եւ ընկերության (Եվրոպայից եւ Ասիայից) մասին, որոնք օժանդակել են իրանական «Mahan Air» ավիաընկերությանը: ԱՄՆ-ն այս մասնավոր ընկերությանը մեղադրում է Իրանի զինված ուժերին միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտ, տրամադրելու եւ Սիրիա զենք տեղափոխելու մեջ: Այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները արգելել են «Mahan Air»-ին որեւէ գնում կատարել ԱՄՆ-ից:
Հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդների մեծ մասը Թուրքիայից են, մյուսները՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թայլանդից եւ Միացյալ Արաբական Էմիրություններից: Ըստ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի՝ դրանց մեջ են հունական «Aeolian Airlines» եւ հայկական «Վերթիռ» ավիաընկերությունները: Վերջիններս ընդգրկվել են հատուկ ցուցակում, որից հետո նրանց արգելվել է ԱՄՆ-ից որոշ ապրանքներ գնել, մասնավորապես՝ ավիացիոն շարժիչներ եւ թռիչքային մասեր:
Վերադառնալով միջնորդական սկանդալում հայտնված հայկական «Վերթիռ» ընկերությանը՝ hetq.am-ը նշում է, որ այն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին, որի որդին՝ Կարենը, տակավին վերջերս իր նորաստեղծ «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության» միջոցով փորձում էր շուկա մտնել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում