ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ամբողջ աշխարհը ոգեկոչում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահը։
Քչերին է հայտնի, որ հենց Ֆրանսիայի նախագահ Շիրակի հետ ՀՀ վարչապետ Ռ․ Քոչարյանի՝ 1997թ․ սեպտեմբեր ամսին կայացած հանդիպման ժամանակ է որոշվել, որ Քոչարյանը պետք է դառնա Հայաստանի հաջորդ նախագահը։ Շիրակ-Քոչարյան այդ հանդիպման օրակարգում եղել է մեկ հարց՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունը Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալու դեպքում։
Շիրակը խոստանում է երաշխավորել, որ միջազգային հանրությունը աչք կփակի Սահմանադրության խախտմամբ Քոչարյանի ՀՀ նախագահ առաջադրվելու փաստի վրա (ՌՔ-ն չուներ ՀՀ 10 տարվա քաղաքացիություն), Քոչարյանն էլ խոստանում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ որպես Արցախի առաջին նախագահ, խնդրի կարգավորման գործընթացից դուրս թողնելով բանակցային լիիրավ կողմ Ստեփանակերտին։
Հաջորդ ամիս՝ հոկտեմբերին, Տեր-Պետրոսյանը մեկնում է Փարիզ, Շիրակի հետ ներկա է գտնվում Շառլ Ազնավուրի համերգին, ապա ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հասկանում է, որ սկսվել է իրեն՝ ՀՀ նախագահի պաշտոնից հեռացնելու ավելի մեծ խաղ, քան կարելի էր պատկերացնել։
Հ․Գ․ Պատմականորեն Ֆրանսիան մոտ է եղել Հայաստանի հետ։ Մեր երկրի անկախացումից ի վեր, ԵՄ երկրներից հատկապես Ֆրանսիան չափազանց մեծ տեղ էր զբաղեցնում մեր երկրի արտաքին հարաբերությունների մեջ։ Հայաստանի առաջին նախագահը հրաշալի տիրապետում էր ֆրանսերենին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հրաշալի հարաբերություններ էին հաստատվել, մի իրողություն, որը Ֆրանսիային ակտիվ դերակատար էր դարձրել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հրվ․ Կովկասում։ Ֆրանսիայի, և ընդհանրապես արևմուտքի ակտիվ ներգրավվածությունը մեր երկրում ավարտվեց 1999թ․ հոկտեմբերի 27-ին։ Դրանից հետո սկսվեց ռուսական դոմինանտությունը»:


