Մենք պնդում ենք, որ Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ են։ Եվրոպական դատարանում Ադրբեջանի հետ վեճ ունենք այս հարցով և դատարանը կորոշի՝ ինչպես այն կարգավորել։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, որ ռազմագերիների հարցը լուծված է։
Արտակ Զեյնալյանը նշել է, որ այդ ուղղությամբ նաև քաղաքական աշխատանք պետք է իրականացվի, որպեսզի Ադրբեջանը կատարի Ժնևի կոնվենցիայի պահանջը, և վերադարձնի իր լիազորության ներքո գտնվող անձանց։
Իրավապաշտպանը նկատել է՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն, որ կատարելու է Եվրոպական դատարանի դատական ակտերը.
«Հիմա այդ դատական ակտերի կատարման հսկողությունը դրվում է ԵԽ արտաքին գործերի նախարարների կոմիտեի վրա։ Մեր ճնշումների ազդեցության տակ Եվրոպական դատարանը բավարար է գնահատել դրանք, և գործն ուղարկել է նախարարների կոմիտե՝ հսկողության։ Առաջիկայում կլինի նախարարների կոմիտեի նիստ, որտեղ կբարձրացվի այդ հարցը»,- նշել է Արտակ Զեյնալյանը։
Վերջինս ասել է, որ Ադրբեջանն ընդունել է 70-ից ավել անձանց իրենց մոտ գտնվելու փաստ, իսկ մյուս ռազմագերիների մասով ադրբեջանական կողմի հետ վեճ կա։ Արտակ Զեյնալյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ժնևի կոնվենցիայի տեսանկյունից Ադրբեջանի իշխանության ներքո գտնվող անձինք համարվում են ռազմագերիներ և Եվրոպայի կոնվենցիայի տեսանկյունից էլ՝ ապօրինի ազատազրկված։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


