Կա երկու քրեական գործ, մեկը, որ հարուցվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՝ ՀՀ օրենսդրության հիման վրա և քրեական գործ, որը հարուցվել է Ռուսաստանի օրենսդրության հիման վրա՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևոր Կոստանյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները ինչ քրեադատավարական ընթացք են իրականացնում իրենց հարուցած քրեական գործով, դա որևէ առնչություն չունի մեր քրեադատավարական օրենսդրության կարգով հարուցված քրեական գործի և իրականացվող ու իրականացվելիք քրեական հետապնդման գործի հետ:
«Երեկ Քննչական կոմիտեի քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, դա արդեն իսկ նշանակում է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ համակարգը ինչ միջոցներ է ձեռնարկում, Հայաստանը շարունակելու է գործընթացը: Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մտնելու է 102-րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ տվյալ անձի հետ, որը մեր քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասաց Գլխավոր դատախազը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մեղադրանք է առաջադրել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ՝ զենքով դասալքության և սպանության համար: Լրագրողի՝ այս մասին ասուլիսում բարձրացրած հարցին ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց, որ հայկական կողմն իրականացնում է իր դատավարական ընթացքը եւ ռուսական կողմի գործողությունները չի մեկնաբանում։