Մոտ երեք-չորս տարի առաջ, պատրաստվելով ու պատրաստելով այսօրվա քաղաքակրթական պատերազմը, կգբ-ական գործակալները ներդնում էին նախկին սովետական ազգաբնակչության գլխների մեջ ատելություն ու զզվանք համամարդկային արժեքների, հանդուրժողականության, մարդու իրավունքների հանդեպ: "Ազգայինը" հակադրվում էր "ազատականին", "համամարդկայինը" հավասարեցվում էր անառակությանը: Դա արվում էր ռուսալեզու չար կլոունների` Ժիրինովսկու, Կուրղինյանի, Զադորնովի, Պետրոսյանի, անգամ ԿՎՆ-ի միջոցով` "ապուշ ամերիկացիների", "փչացած գեյրոպացիների" մասին եւ այլ էժանագին ու անճաշակ "կատակներով" ու ստերով: Մյուս կողմից, դրան ավելացվում էր ֆաշիզմի հասնող ազգայնամոլությունը, ռասայական գերակայության կեղծիքը, որը Ռուսաստանում ծնեց բոլորի հանդեպ ատելություն`«խաչիկ, խոխոլ, պինդոս, չուռկա, ժիդոմասոն» եւ այլ բնորոշումներով:
Առանց կգբ-շնիկյան այդ նախապատրաստության անհնար կլիներ պատերազմը Ուկրաինայում, Պերմյակովի գազանությունը, հայ վարորդի հանդեպ ստորությունը Մոսկվայում կամ հայ բանվորի հանդեպ բռնությունը Սոչիում: Ավելին` հնարավոր չեր լինի Հայաստանում սեպտեմբերի 3-ի դավաճանությունը եւ դրանից հետո կտրուկ սաստկացած ոստիկանական բռնությունները, ծեծն ու ջարդը, առեւանգումներն ու պետական ահաբեկչությունը, Գյումրին ու Բերձորը: Մեկ տարի առաջ հենց դրա դեմ ապստամբեց Կիեւի Մայդանը: Մենք այստեղ կուլ տվեցինք այդ դավադրությունը, չհաշված "20-30 ջղաձիգներիս" ու հիմա ողջ հասարակությունը վճարում է սեփական անմեղսունակության, անտարբերության կամ ապուշության համար: Ի~նչ կեղծ ու անհեթեթ են այս ֆոնի վրա մեր "ինքնության" ու "յուրային ճանապարհի" մասին խոսակցությունները: Ինչ է` ուկրաինացիներին պակա՞ս ուկրաինացի է դարձնում եւրոպական պատկանելության համար մղվող նրանց պատերազմը գաղութային ռուս զորքի դեմ:
Ճիշտ հակառակը` հենց դա է նրանց ազգ դարձնում, ինչպես մեզ էր ժողովրդից ազգ դարձրել 88-ի ազգային ազատագրական շարժումը: Իրական ազգայինը` միշտ ազատագրական է, իրական ազատությունը` միշտ ազգային է: Մնացածը սուտ է: Եւրոպական մշակույթի առանցքը` քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգը այսօր հարցականի տակ է դնում իր եւրոպականությունը: Այսօր` Ցեղասպանության հարյուրամյակին, միլիոններ նահատակելով հանուն հենց ա:յս քրիստոնեական արժեքների? Որն է այլընտրանքը? Ադաթ-նամուս-կարմիր խնձոր մահմեդական բարքերը, որ այդքան ակնհայտ են հենց հիմա` շնորհիվ մարդկանց այրող, երեխաներին խոշտանգող, կանանց վաճառող իսլամական ահաբեկիչների? Այլ ընտրանք չկա: Կամ մենք մնում ենք Արեւմուտքի հետ, կամ վերածվում ենք ռուս-թյուրքական դաշինքի մանրադրամ: Մեր եւրոպական պատկանելությունը ամրագրված է Տիգրան Մեծից մինչեւ Տրդաթ, Փառանձեմից մինչեւ Լեւոն Լուզինյան, Մխիթար Սեբասատցուց մինչեւ Կոմիտաս, Կոստան Զարյանից ու Զաբել Եսայանից մինչեւ Սարոյան եւ Ազնավուր: Ով է մյուս թեւի վրա? Թաթուլն ու Թաթան? Առաջին բոլշեւիկից մինճեւ վերջինը տխրահռչակ շարասյունը? Միայն իրական ազատականն է լինում ազգային: Միայն իրական ազգայինն է լինում ազատական: Առանձին ու հակադրված` դրանք վերածվում են ստրկամիտ ու գավառական անհեթեթությանը: