«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, եւ գուցե հակառակը: Իսկ Ալիեւը ինչպես հայտնի է՝ ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, եւ բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այլ կերպ ասած, Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով: Եվ ահա Սերժ Սարգսյանը ոչ միայն հայտարարում է, որ Երեւանը հետքայլ չի կատարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այլ Ալիեւին ուղղում է խայտառակությամբ բնորոշվող մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ էության, հարց են առաջացնում, թե այդքանից հետո ինչպե՞ս եւ ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենալու Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը, որի նախաձեռնությանը հավանություն տալու մասին հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:
Սերժ Սարգսյանի արձագանքը ոչ միայն Սոչիում, այլ երեւի թե ընդհանրապես կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե արդյոք դա կարող է բերել որոշակի նոր սրացումների եւ սադրանքների՝ սահմանին:
Ըստ այդմ, եթե հանդիպումը կասկածի տակ է հայտնվում, կամ կասկածի տակ է հայտնվում փոխըմբռնման որոշակի մթնոլորտը, առաջանում է հարց, թե դա ինչպես կանդրադառնա սահմանին: Սակայն մյուս կողմից կա մեկ այլ հանգամանք՝ որքանո՞վ է սահմանին լարվածության նվազումը պայմանավորված Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման գործընթացով եւ համաձայնեցմամբ, եւ որքանով է լարվածությունը պայմանավորված պարզապես հայկական զինված ուժերի պատրաստվածության եւ ռազմատեխնիկական համալրման, դիրքային ապահովվածության, սարքավորումների շնորհիվ, որոնք էապես նվազեցրել են Ադրբեջանի սադրանքների հնարավորությունը:
Բանն այն է, որ գուցե այդ հանգամանքը կարող է Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռել առավել համարձակ լինել այսպես ասած քաղաքական ասպարեզում եւ Ալիեւի հայտարարություններին հակադարձել կոշտ պատասխանով, թույլ չտալով դիրքային առավելության հասնել նաեւ քարոզչական ասպարեզում:
Համենայնդեպս, կարծես թե առաջին անգամ է, որ Սարգսյանն այդ առումով կոշտ է արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը եւ արձագանքում է այսպես ասած նախագահականի մակարդակում, ոչ թե արտաքին գործերի նախարարության եւ այն էլ փոխարտգործնախարարի, ինչպես լինում է սովորաբար:
Դա իհարկե մի կողմից կարող է նշանակել, որ Ալիեւը իր հայտարարությամբ բավական անհանգստացրել է հայկական կողմին, մյուս կողմից, իհարկե կարող է վկայել հայկական կողմի ինքնավստահության մասին: Այստեղ իհարկե հարցն այն է, ինչպես նկատել են արդեն որոշ փորձագետներ, թե արդյոք Սարգսյանի նման կոշտ արագ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ Ալիեւի հայտարարության մեջ արձանագրվել է Սոչիում որեւէ քայլի մտադրություն, եւ ըստ այդմ Սարգսյանը փորձել է ձեռնարկել այսպես ասած համարժեք կանխարգելիչ քայլեր, անելով այդպիսի հայտարարություն եւ տալով կոշտ պատասխան: Թե՞ Սոչին չունի նշանակություն, եւ Սարգսյանը պարզապես օպերատիվ կերպով արձագանքել է Ալիեւին:
Մյուս կողմից բացառված չէ եւ այն, որ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիեւ հնարավոր նոր հանդիպումից առաջ՝ Սոչիում, թե այլ տեղ, ռուսական մամուլում ու ադրբեջանական պաշտոնական որոշ շրջանակներում հրապարակումներ եւ հայտարարություններ եղան այն մասին, որ հանդիպմանը քննարկվելու է այսպես ասած «Լավրովյան պլանը»: Թե ինչ է ենթադրում այդ պլանը, հայտնի է վաղուց:
Միաժամանակ հնարավոր է ենթադրել, թե այդօրինակ հրապարակումները ինչպիսի արձագանք կարող են առաջացնել Հայաստանում, դառնալով մինչեւ անգամ ծայրահեղ ընկալումների պատճառ: Ի վերջո հետաքրքիր է հիշել, որ այդպիսի հրապարակումներ էին հաջորդել Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը նախորդ հունիսին, որոնց էլ հուլիսին հետեւեց ՊՊԾ գնդի գրավումը: Եվ հետաքրքիր է հիշել նաեւ այն, որ Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի մեկնելուց ժամեր առաջ Երեւանում ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը: Այժմ Սոչի մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը կոշտ արձագանքում է Ալիեւին, թերեւս նպատակ ունենալով նաեւ թույլ չտալ «Լավրովյան պլանի» շուրջ ռեզոնանս Հայաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում