Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար: Մենք շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է»:
Հետաքրքիր է, այս նախազգուշացումը վերաբերու՞մ է միայն համայնքապետերին:
Իմ հարազատ Շիրակի մարզում համայքնապետերը,ովքեր նույնիսկ չարաշահում են իրենց պաշտոնը, չեն կարող համեմատվել մարզի գլխավոր բեսպրեդելշիկի՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: Սույն անձին ընդամենը մեկ տարի էր անհրաժեշտ,որ նախորդ ռեկտորից ժառանգություն ստացած 1 միլիոն դոլլարից ավել գումարը փոշիացնի՝օգտագործելով տարբեր կոռուպցիոն սխեմաներ:
Պարոն Մինասյանը նոր բան չի հնարել. ՇՊՀ-ի համար շատ թանկարժեք և անտրամաբանական շինարարություններ է նախաձեռնել և աստղաբաշխական աշխատավարձեր սահմանել իր և յուրայինների համար: Նույնիսկ Հայաստանի ամենամեծ համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը,ում մշտապես ԶԼՄ-ները քննադատում են բարձր աշխատավարձ ստանալու և ինքն իրեն պարգևատրելու մեջ, «դիլետատ» է Սահակ Մինասյանի համեմատությամբ: Մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետը ամսական ստանում է 575 հազար դրամ աշխատավարձ, իսկ 2500 ուսանող ունեցող ՇՊՀ ռեկտորը՝ 785 հազար դրամ:
Հետաքրքիր է, պարոն նախագահը տեղյակ է,թե առանց այդ էլ ծանր ֆինանսական վիճակում գտնվող Շիրակի Մայր բուհի ռեկտորը ինչպես է նախագահի բնութագրմամբ մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, իսկ ՇՊՀ-ի դեպքում՝մեր ուսանողների փողերը տանում իրենց տուն: Իրոք,ամոթ է: Ու սա ընդամենն «օրինական» թալանն է:
Վերջին շրջանում Սահակ Մինասյանը դարձել է ավելի ագրեսիվ և ցինիկ: Նա և իր յուրայինները քաղաքում և բուհում հայտարարում են,որ ՇՊՀ ռեկտորն իր բոլոր հարցերը լուծել է և խնդիր չունի…Խնդիրներ ունենալու են նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսները: Սահակ Մինասյանը իր բեսպրեդելությունը գովազդում է յուրայինների միջոցով:
«Ուզում են թող գնան ՄԱԿ-ին դիմեն, Սահակի դեմ խաղ չկա», ««Կենտրոնով» ելույթ կունենա… Թող էրթա CNN-ով խոսա: Մինասյանը իրա հարցերը լուծել է…», «Էդ գրած բաց նամակները ստից բան են…», «Լյովը (Լյով ասելով նույն Սահակ Մինասյանն նկատի ունի ԿԳ նախարարին) իրա թիկունքին է…» և այլ արտահայտություններ են իրենց թույլ տալիս սահակամերձ շրջապատի որոշ ներկայացուցիչներ… Անհրաժեշտության դեպքում կբացահայտեմ այդ պոռոտախոս անդաստիարականերին ևս:
Իսկ մեկ տարի առաջ ՇՊՀ ռեկտորը պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ բոլոր ներկաներին բացահայտ ահաբեկեց հայտարարելով՝ «Իմ ձեռքերը շատ երկար է: Իմ թիկունքին Բաղրամյան 26-ն է: Ինչ ուզում եք գրեք»:
Հետաքրքիր է, իսկ նույն Բաղրամյան 26-ում գիտեն,որ նրանց անունից այսպիսի հայտարարություններ անողներ կան: Իսկ նախագահը միամիտ-միամիտ հայտարարում է, որ պայքարելու է սրանց դեմ,այն դեպքում,երբ սրանք ավելի են լկտիացել: