▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոուն, ոնց որ թե, չստացվեց, դռները բացեք` նորմալ աշխատենք. Էդուարդ Շարմազանով

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում հրավառություն իրականացրեցին:

 «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը:

«Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:

«Շոուն ոնց որ թե չստացվեց, դռները բացեք նորմալ աշխատենք»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Այնուհետև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել՝ մինչև դահլիճում տարածված ծուխը կանցնի:

«Պարոն Գորգիսյան, դուք և ձեր խմբակցությունը: Ի՞նչ ընդմիջում: Ընդմիջումը քվեարկություններից առաջ և հետո կարող եք վերցնել: Շարունակում ենք աշխատանքը: Պարզապես թող հանրությունը որոշի, թե խորհրդարանում ով ինչով է զբաղված»,- ասաց Շարմազանովը:

Իրավիճակին արձագանքեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հարգելի գործընկերներ, մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, նրանց անվտանգությունը, և մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը նախևառաջ հրդեհի վտանգի է ենթարկում Ազգային ժողովի շենքը, երկրորդը՝ թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորների մոտ, ովքեր հիմա այստեղ աշխատում են:Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես Ազգային ժողովի նախագահ, այլ նաև որպես քաղաքացի և բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին և քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որոնք կարող են վտանգել նրանց առողջությունը և կյանքը: Դուք պատկերացնում եք՝ եթե այստեղ հրդեհ լինի, 700 աշխատակից վտանգի մեջ կլինի: Ես այս արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս համապատասխան միջոցներ ձեռնարկել նման իրավիճակներում:

«Սա մանկապարտեզ չի, Ազգային ժողով է»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին