Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը. իր կառույցի բյուջեի կատարողականը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը:
Բյուջեի հաշվետվությունը լսելուց հետո ԱԱԾ պետին հարցեր է ուղղել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով՝ տարիներ շարունակ ԱԱԾ-ն լսել է պատգամավորների հեռախոսազրույցները, նույնիսկ կենցաղային զրույցները, որի համար, ըստ Զոհրաբյանի, իրավական հիմք չի եղել:
«Քաղաքական զրույցներից սկսած՝ ընդհուպ կենցաղային-անձնական զրույցները մեր ընտանիքի անդամների միջև, գաղտնալսվել են: Հետո ինչ-որ կերպ այդ զրույցները ինչ-որ տեղ արտացոլվել են: Հիմա ես ուզում եմ, որ որպես այդ կառույցի ղեկավար՝ Դուք ասեք՝ այդ ավանդույթը՝ շպիոնաժը, վերանալո՞ւ է, թե՞ ոչ»,- հարցրել է Նաիրա Զոհրաբյանը:
Արթուր Վանեցյանն էլ, պատասխանելով պատգամավորին, նախ նկատել է, որ Նաիրա Զոհրաբյանը հարցն այնպես է ձևակերպել, որ ինչ-որ բան, եթե պատասխանի, ապա կամ կհաստատի, կամ կհերքի պատգամավորի ասածը, իսկ նման նպատակն ինքը չունի:
«Միայն կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում և գաղտնալսումները, գաղտնաձայնագրառումներն իրականացվելու են բացառապես դատարանի որոշման հիման վրա: Այլ կերպ պարզապես հնարավոր չի լինի, ես դա ձեզ հավաստիացնում եմ՝ որպես ԱԱԾ տնօրեն»,- եզրափակել է Արթուր Վանեցյանը: