▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ հացն առողջությանը վնասում է, եկեք թանկացնենք. Թորոսյանը զայրացրեց Փաշինյանին

 

Այսօր Կառավարության նիստի ժամանակ նախարար Արսեն Թորոսյանն Հարկային օրենսգրքի նախագծի փոփոխության մասին առարկություն ներկայացրեց: Մասնավորապես, նրա խոսքով՝  ծխախոտի ակցիզային հարկը 8500 դրամից դարձել է 2500 դրամ: Նախարար Թորոսյանն ասաց, որ սրա մասին առավոտյան 9:00-ին են տեղեկացել, որն իր համար ընդունելի չէ ու տեղյակ չի եղել:

Նախարարի այս խոսքը զայրացրեց վարչապետին: Նա ասաց, որ  իր համար անհասկանալի է՝ ի՛նչ է նշանակում նախարարը տեղյակ չի եղել.

«Դուք առաջարկում եք՝ եկեք ժամանակի մեքենա մտածենք, հայտնվենք մի իրավիճակում, որը ճիշտ կլինի: Ինչի՛ չեք առաջարկում ծխախոտի արտադրությունը արգելել»,- ասաց  գործադիր մարմնի անդամը:

Փաշինյանը հիշեցրեց՝ մի քանի անգամ Թորոսյանի հետ է խոսել այս թեմայով: Նախարարն էլ հակադարձեց՝ թվի մասին առաջին անգամ է տեղյակ եղել: Հետո էլ ասաց՝ կարծիք հայտնել չի՞ կարելի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ  Արսեն  Թորոսյանը ցանկանում է բոլոր խնդիրները Հարկային օրենսգրքով լուծել, մինչդեռ նախարարությունը թող արգելի բուժհաստատություններում ծխելը, կոկա-կոլա վաճառելը, հետո թող դրսեւորվեն Հարկային օրենսգրքում:

Թորոսյանը հակադարձեց՝ բուժհաստատություններում արգելված է ծխելը:

Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց պատահականության սկզբունքով գնալ ու տեսնել՝ իրականում ի՛նչ է կատարվում: Նախարարը հակադարձեց՝ վարչարարություն չեն կարող  իրականացնել, հիվանդանոցներն իրենց սեփականությունը չեն,  դա իրավապահների՝ ոստիկանության գործն է:

 

 

 

«Հայաստանի Հանրապետությունը մեր սեփականությունը չէ, բայց կարգավորում ենք»,-  հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:

«Պարո՛ն Օսիպյան, ինչո՛ւ վարչարարություն չեք անում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետ Օսիպյանին:

Լսելի չէր հստակ, թե ի՛նչ ասաց Օսիպյանը, բայց Փաշինյանի արձագանքից պարզ էր՝ երեխաները սիրում են կոկա-կոլա:

«Երեխաները ծխել էլ են սիրում»,- ծիծաղելով ասաց վարչապետը:

Փոխվարչապետն ասաց, որ Հարկային օրենսգրքի նախագծում փոփոխություն, երեւի, անցյալ շաբաթ է եղել:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ հավասարակշռված մոտեցում պետք է լինի.

«Կգաք ինձ մոտ, կքննարկենք, որոշում կկայացնենք»,- ասաց նա:

Նախագիծը դրվեց քվեարկության: Կառավարությունը միաձայն այն ընդունեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին