Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:
«Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ», - կառավարության նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, որ եթե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարական առանձնատնից, որտեղ է նա ապրելու, ասել է. «Վարչապետը ապրելու է կառավարական ամառանոցում, այսինքն այնտեղ, որտեղ որ օրենքով սահմանված է»:
Հիշեցնենք, որ Կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնաթողությունից հետո բնակարան նվիրելու հարցը։
Ըստ որոշման նախագծի` ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Կարդացեք նաև՝ Նոր կառավարության կազմավորման գործընթացը կավարտենք 2-3 օրից. Սերժ Սարգսյան