pastinfo.am-ը գրում է. Լուսանկարներից ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Ըստ նրա, սա բավարար է, որպեսզի վթարի մեջ Վարդան Պետրոսյանը ճանաչվի մեղավոր:
«Թե ինչու է Վարդան Պետրոսյանը երթևեկելի մասից մուտք գործել հողածածկ տարածք, բախվել հողածածկ տարածքում կանգնած «ՆԻՎԱ»-ին, չեմ ուզում մեկնաբանել, չեմ ուզում որևէ ձևով վնասել, ցավ պատճառել: Ես գիտեմ դրա պատճառը, բայց չեմ ուզում որևէ մեկին լրացուցիչ ցավ պատճառել»,- ասել է ուժող կողմի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով. «Չնայած որ պաշտպանական կողմը Հակոբյանների ընտանիքին ենթարկում է փորձությունների՝ օրական մեկ մեղադրող հոդված կամ նյութ հրապարակելով»:
Ռուբեն Բալոյանը նշել է, որ վերջին՝ վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձ արվեց «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել:
«Ցավալին այն է, որ նյութը տեղադրվեց հենց երեխաների քառասունքի օրը, բարոյական տեսանկյունից դա անընդունելի է, նման բան չէր կարելի անել: Այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ ինձ տուժողների հարազատները հստակ հայտարարեցին, որ՝ ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի՝ օրենքի ողջ խստությամբ»:
Ռ.Բալոյանը հիշեցրել է, որ ինքն ի սկզբանե բոլոր լրատվամիջոցներին կոչ է արել ազգովի նախաքննություն չկատարել, իսկ պաշտպանական կողմին մի անգամ զգուշացրել է՝ «թույլ մի տվեք, որ անցնեմ հակագրոհի»:
«Բայց տեսնում եմ, որ չի ստացվում, նորից շարունակվում է նույն պատմությունը»,- ասել է Ռ.Բալոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կիլոմետրին դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային:
Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: